Սամվել Բաբայանին ոչ ոք չի ուղարկել իր հայրենիք. ԱՀ նախագահի խոսնակ
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր գրառմամբ անդրադարձել է Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցին։
Նա, մասնավորապես, գրել է․
«Սպասելի էր, որ Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցից հետո «քարկոծումներ» կլինեն, բայց հավատում եմ առողջ բանականության ուժին, և համոզված եմ, որ այս պարագայում ևս այն հաղթող է:
Արձագանքելով այս թեմայի շուրջ որոշ շահարկումների՝ նշեմ, որ որևէ մեկի մենաշնորհը չէ որևէ հայի իր հայրենիք այցելելու, ապրելու և օգտակար գործով զբաղվելու համար թույտվություն տալը: Եվ Սամվել Բաբայանին ոչ ոք չի ուղարկել իր հայրենիք:
Կարծում եմ՝ վիրավորական է այդպիսի մեղադրանք ներկայացնել մի մարդու հասցեին, ով այդ հայրենիքի ազատության համար մեծ ավանդ է ներդրել: Նրան քաղաքական գործունեության իրավունք տվել է Արցախի 17.365 քաղաքացի, կամ ընտրողների 23.63 տոկոսը: Իսկ նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք կազմելու և Սամվել Բաբայանին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը կայացրել է անձամբ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հաշվի առնելով ու հարգելով ժողովրդի քվեն և նրա կերպարը»,- տեղեկանում ենք խոսնակի գրառումից:
Հիշեցնենք, որ "Ազատություն" ռ/կ-ին երեկ տված հարցազրույցում Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը մասնավորապես ասել էր. "Ապրիլյան պատերազմում 21 դիրք ենք կորցրել, տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին"։ Այս մասին նա ասել է, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն պնդումները թե ապրիլյանի օրերին Հայաստանը հաղթանակ է տարել և ռազմավարական նշանակության դիրքերի կորուստներ չեն եղել։ Բաբայանը նաև հավելել է, որ Հայաստանի նախկին իշխանությունները ղարաբաղի հարցը "պլինտուսից" ցածր մակարդակի էին իջեցրել:
Այս հայտարարությունը արժանացել էր Հանրապետական կուսակցության ակտիվի սուր քննադատությանը, մասնավորապես Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը նշել էր, որ "Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանին գործուղել է Արցախ, որ «հավեսով», կամ էլ ստիպված աղավաղի Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ձեռքբերումները՝ այդ թվում նաև 2016թ. ապրիլյան գործողությունների մասով"։