շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սա Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության իրավական գնահատականն է. պատգամավորը՝ ՄԻԵԴ-ի վճռի մասին

Սա Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության իրավական գնահատականն է. պատգամավորը՝ ՄԻԵԴ-ի վճռի մասին

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճռին, որը, իր կարծիքով, իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը:

Հայրապետյանը նշեց. «Այն, ըստ իս, իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը: Վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը: Սաֆարովի հանցանքը որակվել է որպես էթնիկ հողի վրա իրագործված հանցագործություն: Այս վճիռը խոսուն է, այն միանգամյան հասկանալի է դարձնում, թե ինչ ենք մենք խոսում, երբ առավոտից երեկո արձանագրում ենք կենսական անվտանգության մասին մեր թեզը՝ հստակ նշելով, որ այն զիջման ենթակա չէ»:

 

Ըստ նրա՝ միանգամայն հստակ է դառնում, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք՝ միայն վերհիշելով, թե ինչպես էին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և այլք դափնիներով խրախուսում Սաֆարովի արարքը, գովերգում, կոչ անում Ադրբեջանի երիտասարդներին լինել Սաֆարովի նման:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։

Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել

 

  • Կիսվել: