երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ռուս խաղաղապահների արձագանքի բացակայությունը կամ մեղմությունը շատ լուրջ հարցերի տեղիք է տալիս»․ «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)

«Ռուս խաղաղապահների արձագանքի բացակայությունը կամ մեղմությունը շատ լուրջ հարցերի տեղիք է տալիս»․ «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)

Միավորված ազգերի միջազգային մանկական ճգնաժամային հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համար առաջնայինը կարիքավոր յուրաքանչյուր երեխայի ձեռք մեկնելն է: Ինչո՞ւ այս պահին նրանց ձեռքերը չի հասնում արցախցի երեխաներին: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նպատակներից մեկն արտակարգ իրավիճակներում բնակչությանն աջակցելն է: Ինչո՞ւ որեւէ մեկին չանտեսելու այդ նպատակը չի կենսագործվում նաեւ Արցախի համար:

Արցախի պետնախարարի խորհրդական, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նախօրեին հանդիպել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդի հետ: Եվ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Արտակ Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք զրույցի ընթացքում փորձե՞լ է ստանալ պատասխանները. «Եվ նշված, եւ բազմաթիվ այլ հարցադրումներ ուղղել ենք. տիկին Վեյգանդը հենց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է, ուղղակի հիմա միաժամանակ նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն է: Գլխավոր պատասխանն այն էր, որ ինքը այդ մանդատն ու լիազորությունները չունի՝ այդ հարցերին պատասխանելու, ինքն ուղղակի կարող է մեր հարցադրումները, դիրքորոշումներն ու առաջարկները փոխանցել ՄԱԿ: Բայց այդ հարցերը շատ-շատ լեգիտիմ են: Եվ դրանք ոչ միայն ՄԱԿ-ի պարտավորություններն են, այլ ողջ միջազգային հանրության»:

Մյուս հյուրը՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով հարցին, թե ինչու է միջազգային հանրության արձագանքը Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին ավելի մեղմ, քան կարելի էր ակնկալել՝ ճեպազրույցներում են անդրադառնում, այդ թեմայով թվիթ են անում, բայց ավելի բարձր մակարդակի հայտարարություններ գրեթե չեղան՝ ասաց. «Իհարկե, թույլ էր արձագանքը: Տարբեր՝ նաեւ կարեւոր երկրներ արել են ԱԳՆ-ների կամ խոսնակների մակարդակով որոշ հայտարարություններ: Բայց դրանք այն գործիքները չեն, որոնցով կարող են զսպել Ադրբեջանին, ու մենք ակնհայտ տեսնում ենք դա»:

Նա շեշտեց անհրաժեշտությունը քայլերի, որոնք կարող էին օգնել, ու վերջ դնել Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտին: «Իրենք դիտարկում են այս խնդիրը ռուսական տիրույթում ու սա արեւմտյան անընդունելի քարոզչության ուղղություններից մեկն է նաեւ, թե ռուս խաղաղապահներն են պատասխանատու՝ հետեւաբար, թող իրենք էլ այդ հարցը լուծեն: Սա որոշ չափով նաեւ հնարավորություն են համարում Ռուսաստանի հետ քաղաքական հակամարտության մեջ ՌԴ-ին հարվածելու, որը, ցավոք սրտի, մեր հաշվին է կատարվում,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով,- Ռուսաստանի ողջ պատասխանատվությամբ հանդերձ՝ դա չի նշանակում, թե պետք է մնացած երկրներն ու միջազգային հանրության մարմինները որեւէ ձեւով խուսափեն իրենց բաժին պատասխանատվությունից: Իհարկե, մեզնից էլ կախված խնդիրներ կան՝ ՀՀ-ի, Սփյուռքի, ողջ հայության անկազմակերպ, ոչ միասնական լինելը, որը նշանակում է, որ մեր ունեցած ներուժն արդյունավետորեն չենք օգտագործում… Նաեւ դա է հարցը՝ եթե հայաստանյան հասարակությունում մի քանի հարյուր, առավելագույնը՝ մի քանի հազար հոգի է այս հարցով դուրս գալիս փողոց, դա նույն միջազգային կառույցների կամ պետությունների ղեկավարների համար ցուցիչ է, թե հետեւաբար իրավիճակն այդքան սուր չէ, հայ հասարակության համար այդքան կարեւոր հարց չէ, ու հետեւաբար՝ իրենք էլ պատշաճ ուշադրություն չեն դարձնում»։

Այսուհանդերձ՝ խնդրի լուծումն իրոք ռուսական տիրույթում է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Սակայն բացի ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ ճեպազրույցում հնչած հարցի պատասխանից՝ չի եղել որեւէ արձագանք։ Ռուս քաղաքագետները սա պատճառաբանում են այսպես, թե «Այստեղ հայտարարություններով հարց չեն լուծում: Եղան հայտարարություններ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից, բայց դրանից հետո ինչ -որ բան փոխվե՞ց, ո՛չ, քանի որ հարցի կարգավորումը գտնվում է բանակցությունների տիրույթում՝ Մոսկվայի և Բաքվի միջև: Եվ նրանք այս ընթացքում այդ բանակցություններն իրականացրել են»։

Հարցին՝ ի՞նչ բացատրություն ունի ՌԴ այս լռությունը՝ Արման Թաթոյանը պատասխանեց․ «Երբ մենք ակցիայի շրջանակում եղանք Ռուսաստանի դեսպանության դիմաց, այնտեղ նաեւ հստակ արձանագրվեց, թե ակնկալիքը որն է ՌԴ–ից։ Իհարկե, համաձայն եմ, որ մեծ իմաստով՝ սա հայտարարությունների մակարդակի հարց չի։ Բայց կոնկրետ գործողություններ են պետք։ Մեջբերում արեցիք եռակողմ հայտարարությունից՝ ակնհայտ է, որ կա պատասխանատվության տիրույթ։ Մարդիկ շրջափակման մեջ են հայտնվել։ Ու շատ կարեւոր է խաղաղապահների մանդատի հարցը։ Երբ ուսումնասիրում ենք միջազգային խաղաղապահների մանդատը, թե ինչպես է դա իրականացվում՝ մեր ակնկալիքները մեծանում են մարդկանց պաշտպանության, ճանապարհը բացելու հետ կապված»։

Արտակ Բեգլարյանն ավելի ուշ նկատեց․ «Ռուս խաղաղապահների արձագանքի բացակայությունը կամ մեղմությունը շատ լուրջ հարցերի տեղիք է տալիս»։ Թեեւ նաեւ համաձայնեց «Քարնեգի» կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևի դիտարկմանը, թե «Ռուս խաղաղապահները հայտնվել են թակարդում․ արդեն իսկ հարցականի տակ է` կերկարաձգվի՞ արդյոք նրանց առաքելությունը 2025-ից հետո, իսկ եթե հիմա նրանք ուժ գործադրեն ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ, այդ հարցը կփակվի վերջնականապես»: «Այո, իրականում ռուս խաղաղապահներին լավ էլ թակարդի մեջ են գցել եւ ամիսներ շարունակ տարբեր ձեւերով այդ թակարդները լարել են, օգտագործել։ Հիմա ամենամեծ թակարդն է իրենց համար։ Դրա համար եմ կարծում, որ ավելի շատ ոչ թե ռուսական դիտավորություն կա, այլ ռուսական անկարողություն, որը խնդրահարույց է․․․ Հիմա հարցին պետք է լուծում տանք միջազգային հանրության կողմից՝ ՄԱԿ–ի մանդատով, որովհետեւ միայն ՄԱԿ–ն է լիազորված խաղաղապահ առաքելության մանդատ տալ, հստակեցնել այդ մանդատի սահմանները, գործառույթները եւ այլն։ Դրա համար ենք մենք ձայն բարձրացնում՝ հենց ՄԱԿ–ին ուղղված»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

  • Կիսվել: