շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռումինիան կշարունակի մարդասիրական օժանդակություն տրամադրել Արցախի տուժած բնակչությանը

Ռումինիան կշարունակի մարդասիրական օժանդակություն տրամադրել Արցախի տուժած բնակչությանը

Մարտի 17-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տիկին Ռոզալիա Իբոլյա Բիրոյին։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերին։ Դեսպան Մինասյանը հանգամանալից ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ներկայումս առկա մարդասիրական խնդիրները՝ շնորհակալություն հայտնելով Ռումինիային նախորդ տարեվերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախի բնակչությանը ցուցաբերված մարդասիրական աջակցության համար։

Ռումինիայում ՀՀ դեսպանը նշել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում հակամարտության լուծման այլընտրանքի բացակայությունը։

Տիկին Ռոզալիա Բիրոն հույս է հայտնել, որ Ռումինիան կշարունակի հակամարտության գոտում տուժածներին մարդասիրական օժանդակության տրամադրումը, ինչպես նաև ընդգծել համավարակի հաղթահարումից հետո միջխորհրդարանական մակարդակով երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: