երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության, բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր. Նարեկ Մկրտչյան

Քննարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության, բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Նարեկ Մկրտչյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշել է, որ ՀՀ կառավարությունն արագ արձագանքել է ստեղծված իրավիճակին և այդ ընթացքում մշակել ու իրականացրել է աջակցության ամենատարբեր ծրագրեր՝ կարճաժամկետ, միջնաժամկետ: «Այս ընթացքում մենք կարողացել ենք կարճաժամկետ և միջնաժամկետ որոշ ծրագրեր մեկնարկել: Առաջնային և ամենակարևոր խնդիրները լուծելու համար իրականացվել է ընտանիքի յուրաքանչյուր անդամին 100 հազար դրամ միանվագ դրամական աջակցության ծրագիրը: Դրան զուգահեռ մենք ավելի միջնաժամկետ ծրագրերի մասին սկսեցինք մտածել: Խոսքը՝ 40+10 հազար դրամական 6-ամսյա աջակցության ծրագրի մասին է, որը տրամադրվել է բնակարանի վարձակալության և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշենք նաև, որ 10 հազար դրամների շահառուներ են դարձել նաև ՀՀ-ում բնակարաններ ունեցող մեր հայրենակիցները»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արագացված և պարզեցված ընթացակարգով իրականացվել է նաև 50 հազար դրամ աջակցության ծրագիրը, որը նույնպես ուղղված է առաջնային ծախսերը հոգալուն

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այս ամիսների ընթացքում շատ ակտիվ աշխատանքներ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 գրասենյակները, ինչպես նաև մի շարք տարբեր համայնքներում ստեղծված հումանիտար կայանները: Նախարարի խոսքով՝ բոլոր ծրագրերին զուգահեռ մշակվել են էլեկտրոնային հարթակներ, որոնք նպաստել են աջակցության տրամադրման հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ու օպերատիվ իրականացմանը: Հարթակների միջոցով հնարավոր է եղել նաև համակարգել տարբեր նախաձեռնություններ:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական երաշխիքների ապահովմանը՝ Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ այդ նպատակով փոփոխություններ են կատարվել «Պետական կենսաթոշակների և նպաստների մասին» օրենքում: Արդյունքում՝ ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվել որոշակի առանձնահատկություններ սահմանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման մասով: Ըստ այդմ` սահմանվել է, որ եթե անձը ԼՂ-ում հանդիսացել է կենսաթոշակառու, ապա վերջինս իր այդ իրավունքը կարող է ստանալ առցանց հարթակի միջոցով՝ դիմում լրացնելու դեպքում: Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, արդեն իսկ հաստատվել է ավելի քան 15 հազար դիմում: Իսկ եթե անձը ԼՂ-ում չի հանդիսացել կենսաթոշակառու, ապա նրան կենսաթոշակ նշանակելու և ստաժը հաշվարկվելու է ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու համար պետք է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և անցնել սահմանված ընթացակարգերը: Նշվել է կենսաթոշակները և նպաստները վճարվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:

Աջակցության համապատասխան ծրագրեր են իրականացվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ տարեցների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար: «Այս պահին մեր խնամքի հաստատություններում ունենք 10 երեխա և ավելի քան 90 միայնակ տարեց : Մենք նաև այս ընթացքում աշխատանքներ ենք տարել ընտանիքներին վերամիավորելու ուղղությամբ: Ունենք նաև արտապատվիրակած ծառայություններ, որոնք իրականացվում են ՀԿ-ների միջոցով: Մենք հայտարարեցինք, որ այդ ծառայությունները հասանելի պետք է դարձնենք նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին տնային պայմաններում որոշակի ծառայությունների մատուցելը»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև, որ տարվել են աշխատանքներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելուն ուղղված, որի արդյունքում 1000-ավոր քաղաքացիների՝ տրամադրվել է խորհրդատվություն, տեղավորվել են աշխատանքի: Նա հայտնել է նաև, որ քննարկվում է զբաղվածության ավելի հստակ թիրախային միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցը, որը հնարավորություն կտա ավելի մեծ շրջանակներ ներգրավելու: «Քննարկվում են տարբեր մոդելներ, ծրագրեր, և առաջիկայում առիթ կունենանք դրանց մասին խոսելու: Դրանք կարող են լինել ինչպես կայուն զբաղվածությանը, այնպես էլ բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր»,-ասել է նախարարը:

  • Կիսվել: