հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քարվաճառի ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները առայժմ դադարեցվել են

Քարվաճառի ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները առայժմ դադարեցվել են

Կառավարությունից հավաստիացրել են, որ արդեն դադարեցված են շինարարական աշխատանքները, և կառավարությունը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցության: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ 

«Ես էլ պատրաստ եմ հնարավորինս նպաստել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև կառուցողական երկխոսության կայացմանը՝ հույսով, որ դա կհանգեցնի Ա.Քանանյանի հացադուլի դադարեցմանը, քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացմանը, բնապահպանական հարցերում հանրային ու պետական վերահսկողության և էներգետիկայի համակարգի արդյունավետության բարձրացմանը:»,- գրել է Բեգլարյանը։

Տեղեկացնենք, որ օրեր առաջ Քարվաճառի բնակիչ, քաղաքական գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ էր հայտարարել  Թարթառ գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինաշխատանքները դադարեցնելու պահանջով։

Նրա պահանջին միացել է նաև Արցախ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, նշելով, որ  ՀԷԿ-երի նմանատիպ շինարարության գործընթացը ազգակործան  ծրագիր է, երբևէ չի դիմանալու ժամանակի հրամայականին ու ենթակա է լինելու ապամոնտաժման:

Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարարությանը տեղեկացրել է Ա.Քանանյանի հացադուլի մասին՝ խնդրելով պատշաճ ուշադրության տակ պահել նրա առողջությունը: Բժիշկն արդեն այցելել է նրան, կատարել համապատասխան զննություններ և արձանագրել, որ դեռևս որևէ խնդիր չկա այդ առումով:

«Քարվաճառի դպրոցականներին եղբայրաբար հորդորում եմ իրենց պահանջները հնչեցնելու նպատակով զերծ մնալ դասադուլ կազմակերպելուց. ձեր կրթությունը կարևոր արժեք է բոլորիս համար, սիրելի՛ երեխաներ:»,- գրել է Արցախի Մարդու իրավունքրեի պաշտպանը։

Տեղեկացնենք, որ Ալեքսանդր  Քանանյանն այս պահին հացադուլը չի դադարեցնում։ Առանց հացադուլից դուրս գալու անձամբ պետք է շրջի  տարածքում` համոզվելու աշխատանքների դադարեցման հարցում: Նա նշել է, որ հետագա քայլերի մասին հարությանը  տեղյակ կպահի։

  • Կիսվել: