Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն
Արցախի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին արցախցի փրկարարների հաղթահարած փորձությունների մասին ու հետպատերազմյան շրջանում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների հոգեբանական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մեխակ Արզումանյանի հետ հարցազրույցը.
Պարոն Արզումանյան, Դուք անձամբ անցել եք փրկարարի մասնագիտական ուղու գրեթե բոլոր փուլերով և Ձեզ համար տեսանելի է եղել արցախցի փրկարարի անցած ուղին: Այդ համատեքստում կայացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել Արցախի փրկարար ծառայությունը՝ մինչև պատերազմն ընկած ժամանակահատվածում: Ինչպիսի չափորոշիչներով էին առաջնորդվում փրկարար ծառայողի ընտրության հարցում մինչ պատերազմը: Հետպատերազմյան ժամանակահատվածում այդ չափորոշիչները փոփոխություն կրելո՞ւ են:
Ինչպիսի փորձություն էր Արցախի փրկարար ծառայության ու փրկարարների համար պատերազմը, և ինչի՞ շնորհիվ Արցախի փրկարարներին հաջողվեց ու հաջողվում է կազմ ու պատրաստ դիմագրավել այդ փորձությանը:
Նախորդ պատերազմից ունեցած փորձն էր օգնո՞ւմ փրկարարական աշխատանքներն օպերատիվ ու արհեստավարժ կազմակերպելուն, թե որոշ դեպքերում, ստիպված եք եղել աննախադեպ իրավիճակների բախվել:
-Կարելի է նաև այդպես մեկնաբանել, բայց խորհրդային տարիներից հետո բավականաչափ փոխվել է քաղաքացիական պաշտպանության ծրագիրը: Այդ փոփոխությունն առաջին հերթին մեր հոգեբանության մեջ է կատարվել: Այս պատերազմում երիտասարդ փրկարարներն անգամ փորձառուներից չեն տարբերվել, և ես հպարտ եմ դրա համար, որ յուրաքանչյուր փրկարարի մեջ հայրենիքի ու առհասարակ, անհատի հանդեպ սրտացավության գենն է խոսում:
Ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ առաջադրեց պատերազմը Արցախի փրկարարներին և ինչպե՞ս է հաջողվում դրանք հաղթահարել: Ինչպե՞ս կբնորոշեիք արցախցի փրկարարի ծառայության ու բարոյահոգեբանական նկարագրի առանձնահատկությունները՝ ի տարբերություն այլ երկրների գործընկերների: Որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված անձակազմը սովորաբար հոգեբանական ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն է ունենում: Նման անհրաժեշտություն ու ծրագրեր կա՞ն:
-Ռազմագործողությունների հենց առաջին օրից, երբ սկսեցինք կազմակերպել մեր անելիքները, հասկացանք, որ այս պատերազմը մյուսներից տարբերվում է թե կիրառվող զինատեսակներով, թե մասշտաբով: Խուճապ հնարավոր է առաջանար, եթե չունենայինք մեր անելիքների ծրագիրը: Երբ անընդհատ ռմբակոծվում էին մեր բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը, ես նկատում էի, թե ինչպես են փրկարարները թաց աչքերով, բայց, միաժամանակ սառնասրտությամբ աշխատում, որ փլատակներից հանեն մարդկանց: Սա հոգեբանական, մարդասիրական, սրտացավության լուրջ հարց է, երբ մարդ հայտնվում է հանկարծակի իրավիճակում՝ գիտակցելով, որ իրենից է կախված մերձավորի, հայրենակցի կյանքը: Ուզում եմ ասել, որ դժվար, շատ դժվար դեպքերի ենք ականատես եղել ու հաղթահարել: Մեզ համար պատերազմը չի ավարտվել, քանի դեռ ունենք անհետ կորած կամ գերեվարված զինծառայողներ, զոհված զինծառայողների աճյուններ, որոնց պետք է տարհանենք Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող վայրերից:
Պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ ու դժվարություններ են առաջանում և ինչպե՞ս է հաջողվում լուծել:
-Դժվարություններ, իհարկե, կային: Իսկական հերոսություն էր ռազմադաշտից վիրավոր կամ զոհված զինծառայողների տարհանումը: Երբ գիտակցում ես, որ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ընթացքում անօդաչու թռչող սարքերով հնարավոր է նաև դու թիրախավորվես: Իրենց ծառայողական պարտականությունը կատարելիս՝ այդպիսի դեպքերի ևս, ականատես են եղել փրկարարները: Հիմնական դժվարությունը, սակայն, զինադադարից հետո էր: Կրկնակի բարդ աշխատանք է՝ որոնել հայ զինծառայողների աճյուններ կամ գտնել նրանց մասունքները: Փրկարարը կոչմանը հավատարիմ՝շարունակում է կատարել այն, ինչը բխում է ներքին գործերի նախարարության կանոնադրությունից, նախարարի և արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի հրամաններից:
Ինչպիսի՞ ընթացք ունի Հայաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցությունը: Որո՞նք եք համարում ձեռքբերումներն այդ առումով և ինչպիսի հեռանկարներ եք տեսնում՝հատկապես հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում արցախցի փրկարարները հսկայական փորձ են կուտակել: Արդյոք հետաքրքրություն նկատվում է գործընկերների կողմից փորձի փոխանակման առումով:
-ՀՀ մեր գործընկերների հետ փորձի փոխանակում եղել է և կա: Գործընկերային հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխվեցին պատերազմի օրերին, երբ թիկունքային աշխատանքներում մեզ օգնության ձեռք մեկնեց ՀՀ ԱԻ նախարարությունը: Այսօր էլ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը՝ երկուստեք առաջարկելով նոր ծրագրեր ու գաղափարներ: Զինադադարից հետո փոխգործակցության շրջանակներն ընդլայնվեցին: Արցախում խաղաղապահ առաքելությամբ գտնվող՝ ՌԴ ԱԻ նախարարության անձնակազմի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն և ամենօրյա ռեժիմով շարունակում ենք միասին Արցախի տարածքը մաքրել՝ չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բացի այդ, ՌԴ ԱԻ նախարարությունը հումանիտար աջակցության շրջանակներում մեր ծառայությանը նվիրաբերել է հրշեջ-մեքենաներ և փրկարարական տարատեսակ միջոցներ: Ինչպիսի կորուստներ ունեցավ Արցախի փրկարար ծառայությունը պատերազմի ընթացքում և ինչի կարիք ունի այժմ կառույցը: -Հոկտեմբերի 2-ին, «Սմերչ» կայանքից հրթիռակոծվեց նաև ԱԻ պետական ծառայությունը: Մենք ունեցանք 10 վիրավոր, որից մեկը՝ մեր լավագույն փրկարարներից՝ Հովիկ Աղաջանյանն էր: Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց: Այնուհետև ևս 3 փրկարար՝ Հարություն Աթաջանյանը, Արայիկ Հակոբյանը և Դավիթ Դոլուխանյանը զոհվեցին: Ընդհանուր առմամբ՝ մեր կառույցը 4 զոհ ու 24 վիրավոր տվեց պատերազմում: Ստեփանակերտում և շրջանային բաժիններում ևս զգալի կորուստներ է կրել նաև ծառայության նյութատեխնիկական բազան: Պարկը՝ անհատ բարերարների և ՌԴ ԱԻՆ-ի կողմից, արդեն համալրվել է նոր միջոցներով: Այդ մասով խնդիրներ բարեբախտաբար չունենք:
Հետպատերազմյան իրավիճակը ինչպիսի նոր հրամայականներ և մարտահրավերներ է առաջադրել փրկարար ծառայողին ու կառույցին: Այդ խնդիրների լուծման ինչպիսի՞ տեսլական ունեք:
-Մեր օրակարգում այժմ հիմնական պլանային ծառայությունն իրականացնելուց բացի, որակյալ ու պրոֆեսիոնալ կադրերի վերապատրաստման հարցն է: Այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր ենք կատարում, որպեսզի կառույցը և մեր շարքերը համալրած նոր ծառայողները, նույնպես, ցանկացած արտակարգ իրավիճակում՝ իրենց դրսևորեն արժանապատվորեն՝ ինչպես փրկարարական աշխատանքում, այնպես էլ՝ մեզ պարտադրված արցախյան վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում: