ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Պրահայի և Սոչիի փաստաթղթերով ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»․ Հաջիև

«Պրահայի և Սոչիի փաստաթղթերով ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիեւի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դրսեւորած ՛՛բարի կամքին՛՛:

Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Հաջիեւն ասել է, որ Ալիեւը ՛՛հանդես է եկել խաղաղության օրակարգով, որը հիմնված է կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա՛՛:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ քաղաքացիների հետ շփումները երկու բոլորովին առանձին հարցեր են։

2022 թվականին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է հայտնի 5 սկզբունքները, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար, եւ որոնց հիմնական էությունը տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչումն է։ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումներում Ադրբեջանը եւ Հայաստանը հայտարարել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա։

Ալմաթիի հռչակագրով նորանկախ պետությունները ճանաչել են վարչական սահմանները ԽՍՀՄ ժամանակների նախկին խորհրդային հանրապետությունների շրջանակներում՛՛,-նշել է Ալիեւի օգնականը՝ հավելելով, որ, այդպիսով, ՛՛Պրահայի եւ Սոչիի փաստաթղթերով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ՛՛:

  • Կիսվել: