չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր հաշվապահը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի յուրացման և պետությանը գույքային վնաս պատճառելու համար

ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր հաշվապահը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի յուրացման և պետությանը գույքային վնաս պատճառելու համար

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցավոր արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 1974թ. ծնված ԱՀ Ասկերան քաղաքի բնակիչը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից մանրամասնելով, որ նշված անձը 2015-2018 թվականներին զբաղեցնելով ԱՀ շրջաններից մեկի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, շահադիտական՝ նյութական օգուտ ստանալու նպատակով, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3.758.949 ՀՀ դրամի յուրացում, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որի հետևանքով պետությանը պատճառվել է 7.496.782 ՀՀ դրամի, 380.000 ՀՀ դրամի և 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: