չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
ՊԲ-ն երբեք նահանջ չի կատարելու այն բարձունքներից, որոնք նվաճվել են մեր նվիրյալների արյան գնով․ Ջալալ Հարությունյան

ՊԲ-ն երբեք նահանջ չի կատարելու այն բարձունքներից, որոնք նվաճվել են մեր նվիրյալների արյան գնով․ Ջալալ Հարությունյան

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հանրապետության օրվա կապակցությամբ։

Նա, մասնավորապես, նշել է․

Սիրելի հայրենակիցներ, հարգելի ազատամարտիկներ և Պաշտպանության բանակի  զինծառայողներ.

 

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվեց Արցախի հանրապետությունը:

Մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս  փաստն ու իրողությունը, չնայած իրավական առումով լիովին համապատասխանում էր փլուզվող Խորհրդային Միության օրենսդրական պահանջներին ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, առայսօր մնում է անտեսված միջազգային հանրության կողմից:

Այս ընտրության համար, մենք ազգովի վճարել ու շարունակում ենք վճարել անչափ թանկ գին, որը մեզ ավելի է պարտավորեցնում ջանք ու եռանդ չխնայել այն լուսավոր երազանքների իրականացման համար, հանուն որոնց մենք կորցրել ենք մեր լավագույն ընկերներին:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի համար նահատակված և անհետ կորած ազատամարտիկների հիշատակի առջև, իսկ նրանց հարազատներին ու մարտական ընկերներին ուզում եմ հավաստիացնել, որ ՊԲ-ը երբեք նահանջ չի կատարելու այն իրական ու հոգևոր բարձունքներից, որոնք նվաճվել են մեր ազգի նվիրյալների կյանքի և արյան գնով:

Հավերժ փառք մեր հերոսներին:

ՊԲ հրամանատարության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ Արցախի հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Պաշտպանության բանակը այսօր առավել քան երբևէ, ամուր է կանգնած մեր պետականության, լուսավոր գալիքի և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության պաշտպանության դիրքերում և այսուհետ ևս, մենք՝ զինվորականներս ամեն ինչ անելու ենք, հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը ամեն գնով պաշտպանելու համար:

 

 

  • Կիսվել: