կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարել, սակայն Արայիկ Հարությունյանն ինձ չընդունեց. Սարգսյան

Պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարել, սակայն Արայիկ Հարությունյանն ինձ չընդունեց. Սարգսյան

Արայիկ Հարությունյանի հետ Արցախում չեմ հանդիպել: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Արցախյան վերջին պատերազմի մանրամասների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես գնացել եմ Արցախ, 5-6 հոգու ներկայությամբ խնդրել եմ Բակո Սահակյանին, որպեսզի իմ մեծ խնդրանքը փոխանցի Հարությունյանին՝ ինձ մի քանի րոպեով ընդունել:

Առաջին օրը Սահակյանն ասաց, որ նախագահը դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ասաց, որ չի կարող ընդունել ինձ՝ հայտնի պատճառներով:

Ես երկու նպատակ ունեի՝ Հարությունյանին բացատրել, որ պատերազմը գնում է դեպի պարտություն, պետք է բոլոր ջանքերը գործադրել ու կանգնեցել պատերազմը:

Բացի դրանից, ես ուզում էի իմանալ, թե ինչով կարող եմ աջակցել: Պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարել: Սակայն նա չընդունեց, իսկ ցանկացած սեփական նախաձեռնություն կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա Ստեփանակերտում մնալու մեջ, վերադարձա Երևան՛՛:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ մարտական գեներալներից որևէ մեկին թույլ չեն տվել որևէ բան անել, սակայն պատերազմի վերջում արդեն ոչ պաշտոնական խնդրել են օգնել:

ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ շատ տարբեր ձևեր կային՝ այս պատերազմում այդպիսի ավարտ չունենալու համար:

՛՛Ինչ էր խանգարում հրավիրել Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին՝ որպես Օնիկ Գասպարյանի խորհրդատուներ: Բազմափորձ մարդիկ են, իսկ Գասպարյանը մի քանի ամսվա ԳՇ պետ էր: Իսկ ԳՇ պետ լինելը աղ ու պանիր չէ, հատկապես՝ ռազմական գործողությունների ժամանակ։ Ինչն էր խանգարում նույն անփորձ Ջալալ Հարությունանի մոտ էլի խորհրդատուի վիճակով կանչել Լևոն Մնացականյանին, Սամվել Կարապետյանին: Էլի չանեիք ասածները, բայց կարող էիք ինչ-որ բանով օգտվել: Դրա փոխարեն կանչել են պատահական մարդկանց, այստեղ գնում էին իբր բարձրաստիճան պաշտոնյա՛՛,-նշեց Սերժ Սարգսյանը:

  • Կիսվել: