չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատգամավոր Արամ Վարդևանյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցրած Արցախին վերաբերող թեզերը

Պատգամավոր Արամ Վարդևանյանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Փաշինյանի կողմից հնչեցրած Արցախին վերաբերող թեզերը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արցախյան հիմնախնդրի վերաբերյալ երեկ ասուլիսում հնչեցրած թեզերը։

Վարդևանյանը այս առնչությամբ, մասնավորապես, գրել է.«Արցախի վերաբերյալ հնչեցված թեզերը, բանակցային գործընթացի վերաբերյալ պնդումները, որ կատարվում է այս իշխանությունների կողմից` միջազգային իրավական աղետ է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կարգավիճակի ընկալման բացակայություն, ընդունված բանաձևերի աբսուրդային, թշնամական ազդեցությանը բնորոշ պնդումներ ու մեկնաբանություններ: Այս մարդիկ չեն ընկալում, որ Հայաստանին ու Արցախին նման հայտարարություններով վնասում են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատի պրոցեսսին»։

Հիշեցնենք, որ երեկ առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2016-ին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ:

՛՛Այդ փաթեթներում նշվել է, որը հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում ու գովազդվում է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, որ ԼՂ-ն ունի դատական իշխանություն եւ այլն, բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ կարգավիճակը ճշգրտելու հարցը ըստ այդ բանակցային բովանդակության տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ամեն ինչ անել, որ վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի ԱԽ՛՛,-ասել է վարչապետը:

 

  • Կիսվել: