Պատերազմում նահատակված հերոսների ավելի քան 30 երեխա դպրոցական պայուսակ ու գրենական պիտույք է ստացել
Այսօր՝ օգոստոսի 28֊ին, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների մի խումբ երեխաներ՝ ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվեր ստացել։
«Արցախպես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի «Դինո» մանկական զարգացման կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը պայուսակ ու գրենական պիտույք է ստացել 35 երեխա, ովքեր առաջիկա ուս․ տարում դպրոցական կյանքի առաջին քայլերն են կատարելու։ Իրենց դուր եկած պայուսակներն երեխաներն անձամբ են ընտրել կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Արդեն 5 տարի է, ինչ գործում է մեր մանկական զարգացման կենտրոնը, որի ընթացքում ունեցել ենք 1500֊ից ավելի սան։ 44-օրյա պատերազմից հետո առաջին սերունդն է, որ ճանապարհում ենք դպրոց։ Երեխաներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ տրամադրելու բարեգործական նախաձեռնության շրջանակներում՝ առաջնահերթություն ենք տվել երեխաներին, ովքեր Արցախյան երրորդ պատերազմում կորցրել են իրենց հայրերին»,- ասել է կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լուսինե Պետրոսյանը։
Նախաձեռնության հեղինակ, բիզնես-թրեյներ Անուշ Ափիկյանի խոսքով՝ ծրագիրն իրականություն է դարձել համագործակցության շնորհիվ, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում հաջողվել է հովանավորներ գտնել։ Արդյունքում՝ նախաձեռնությանն աջակցել են երևանյան մի շարք ընկերություններ։