երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պատերազմից հետո Արցախում հույսն ու հավատը վերականգնվում են. Տեր Հովհաննես քահանա

Պատերազմից հետո Արցախում հույսն ու հավատը վերականգնվում են. Տեր Հովհաննես քահանա

«Պատերազմից հետո հայ  մարդը , արցախցին  կոտրվեց, բայց չվհատվեց»,-ասում է Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով մինչև 2020 թվականի ավարտը եղել է Դադիվանքի վանահայրը և Քարվաճառի հոգևոր հովիվը։

«Ժողովուրդը հավատքի մեջ է, հույսը մնաց նրանում։ Այսօր էլ ես  տեսնում են նրանց` օր-օրի վերականգնվող  հույսն ու հավատքը։ Չեմ կարող ասել, որ տոնական է տրամադրությունը, բայց առողջ է։ Սա կարևոր է։ Այսօր էլ Ճրագալույցի Պատարագն է, պիտի մատուցենք։ Ամեն քրիստոնյայի մեջ այսօր պիտի ծնվի մանուկ Քրիստոսը, որ Նրանով մենք զորանանք ու կարողանանք առաջ գնալ, պահել ու պահպանել մեր դրախտային երկիրը», - նշեց Տեր Հովհաննեսը։
 
Այս Սուրբ Ծնունդին Արցախում քահանաները լինում են տարբեր եկեղեցիներում` Սուրբ Պատարագ մատուցելու և ջուրն օրհնելու նպատակով։ Տեր Հովհաննեսը, մասնավորապես, հունվարի 5-ին Պատարագ է մատուցել  N զորամասի Սուրբ Գևորգ եկեղեցում և Վաղուհասի եկեղեցում, 6-ին՝ Մարտակերտի քաղաքի և Հոռաթաղի եկեղեցիներում։ Իսկ հունվարի 7-ին գնալու է չգործող Հակոբավանք, որտեղ աղոթելու է Քոլատակի բնակիչների հետ։
 
«Մի քանի տարի հետո Հակոբավանքը կնմանվի Դադիվանքին։  Գործող եկեղեցի կլինի։ Ճանապարհները բարեկարգ  կլինեն։  Սուրբ խորանը կգործի և եկեղեցու տանիքը կվերականգնվի... Այդ  ամբողջ վանական համալիրը կվերականգնենք։ Ես վստահ եմ, որ, ի շնորհիվ մեր բարերարների, մեր նվիրատուների, մեր ժողովրդի, հաջողություն կունենանք` Սուրբ Հակոբավանքը վերանորոգելու, վերականգնելու հարցում։ Եվ վստահաբար ասում եմ` մեր ժողովուրդի ջանքերով  բազում-բազում հավատավորներ գալու են այնտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու և աղոթքը բարձրացնելու առ Աստված», - նշեց նա։
 
Տեր Հովհաննեսի խոսքով` Դադիվանքի վերականգնված և գործող լինելը մեծ դեր խաղաց, որ այսօր այդ վանական համալիրը մեր տիրապետության տակ   մնաց և ռուսական զորքերի պաշտպանության ներքո։
 
«Պատերազմի օրերին և դրանից հետո աշխարհը տեսավ  մեր հավատքը, և այդ հավատքի հիման վրա ռուսական խաղաղապահ զորքը եկավ ու կանգնեց մեր կողքին։ Այսօր Դադիվանքը մերն է։ Թեև Քարվաճառի շրջանն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ,  Դադիվանքը մնաց հայկական, մեր հոգևոր հայրերն այնտեղ են, և իրենց ծառայությունն են մատուցում»,-ընդգծեց քահանան` կարևորելով մեր հնամենի վանքերի վերականգման նշանակությունը` հատկապես այս պատմական ժամանակաշրջանում։
 
Նշենք, որ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը   2022 թվականը հայտարարել է Հակոբավանքի վերածննդի տարի։
 
Վանքի մասին ավելին իմանալ և աջակցել վերածննդին կարելի է այստեղ։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: