հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմից հետո Արցախում բացված «Մարաշլեան» ստուդիան շարունակում է ծառայել ազգային տարազի հանրայնացման գործին

Պատերազմից հետո Արցախում բացված «Մարաշլեան» ստուդիան շարունակում է ծառայել ազգային տարազի հանրայնացման գործին

Արդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտում իր գործունեությունն է ծավալում «Մարաշլեան» լուսանկարչական ստուդիայի մասնաճյուղը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ստուդիայի հիմնադիր Էմմա Մարաշլյանը նշել է,որ Արցախում ստուդիայի բացումը նպատակ ուներ ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ հնարավորություն կստեղծվեր էլ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական տարազին:

«Նպատակներից էր ազգային լուսանկարչության ստեղծումը, որի միջոցով մեր ներդրումը կարող ենք ունենալ ազգային ավանդական արժեքների պահպանման ու հանրայնացման գործում: Ցանկանում էինք ստուդիան բացել Շուշիում: Բավականին հետաքրքիր մտահղացումներ ունեինք այդ կապակցությամբ և արդեն սկսել էինք աշխատանքները: 44-օրյա պատերազմից հետո իմ բոլոր հույսերը,երազանքները կարծես ի չիք դարձան: Պատերազմից հետո շատ արագ որոշում կայացրեցինք և ստուդիան բացեցինք Ստեփանակերտում: Չնայած ծանր կորուստներ ենք ունեցել, սակայն, կարծում եմ, մեր մշակույթի պահպանմանն ու ներկայացմանն ուղղված նման յուրաքանչյուր քայլ այս պահին կարևոր է»,-պատմել է Է.Մարաշլյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ ընտանիքներ են այցելում ազգային տարազներով լուսանկարվելու նպատակով, ինչն իրենց ուժ է տալիս ստուդիայի դռները միշտ բաց պահելու համար:

«Հիմնականում այցելուները ստեփանակերտցիներն են, սակայն գալիս են նաև Արցախի մյուս բնակավայրերից, ինչը կարելի է համարել նրանց ներդրումը մեր ազգային հագուստը ներկայացնելու և հանրայնացնելու գործում: Լուսանկարվելու համար հիմնականում ներկայացնում ենք արցախյան տարազ: Ամեն անգամ նոր տարազ ենք ավելացնում,որպեսզի ավելի հետաքրքիր լինի: Ստուդիան ստեղծագործական մի միջավայր է,որտեղ մարդիկ կարողանում են նաև իրենց լուման ներդնել մշակույթի պահպանման մեջ»,-ասել է նա:

Մեր զրուցակիցը հավաստիացրել է,որ շարունակելու են գործել Արցախում, ծառայելով այն նպատակին ինչ համար լուսանկարչական ստուդիան բացվել է Ստեփանակերտում:

  • Կիսվել: