չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատերազմի մասնակիցների համար ծրագրավորման և անգլերենի անվճար դասընթացների հերթական փուլին շուրջ 40 արցախցի կմասնակցի

Պատերազմի մասնակիցների համար ծրագրավորման և անգլերենի անվճար դասընթացների հերթական փուլին շուրջ 40 արցախցի կմասնակցի

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնական առաքելություն» հասարակական կազմակերպութան նախագահի և ծրագրավորման ու անգլերենի անվճար դասընթացների ծրագրի շահառուների առաջին հանդիպումը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Շահինյանն ասել է,որ կազմակերպությունը ստեղծվել է երկու տարի առաջ ամերիկահայ բարերարների աջակցությամբ՝ նպատակ ունենալով պատերազմի մասնակիցներին ծրագրավորում և անգլերեն ուսուցանել:
 
«Ծրագրի մոտ երեսուն մասնակից  արդեն աշխատում է լավագույն կազմակերպություններում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք ունեցել ենք ավելի քան 150 ուսանող, որից միայն երկուսն էին արցախցի: Ուստի որոշեցինք ուղղակի գալ, տեղում ծանոթանալ, ներկայանալ, որպեսզի ամեն ինչ ճիշտ ու  թափանցիկ լինի: Մեր բոլոր դասընթացները տեղի են ունենում առցանց, բայց ժամանակ առ ժամանակ անպայման հանդիպումներ ենք կազմակերպում, կիսվում մտքերով»,-ասել է Զ. Շահինյանը:
 
Նրա խոսքով՝  այս փուլում դասընթացներին մասնակցելու ցանկություն է հայտնել պատերազմում վիրավորված 40 անձ:
 
«Դասընթացների տևողությունը 8 ամիս է, որից հետո մենք նաև օգնում ենք լավագույններին հարցազրույցների պատրաստվելու և աշխատատեղի դիմելու հարցում, որպեսզի կարողանան դրսևորվել և աշխատել այդ ոլորտում»,-հավելել է «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի ղեկավարը:

  • Կիսվել: