ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց ավելի քան 2 միլիարդ դրամ աջակցություն է տրամադրվել

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց ավելի քան 2 միլիարդ դրամ աջակցություն է տրամադրվել

Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է: Մինչ այժմ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 1227 շահառուի՝ 2 միլիարդ 410 միլիոն 31 հազար ՀՀ դրամի չափով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության կառավարության 2021 թ. ապրիլի 19-ի համապատասխան (N 336-Ա) որոշմամբ՝ Կոմիտեի կողմից աջակցություն է տրամադրվում նյութական վնասների հետևյալ ուղղություններով՝ կորսված հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն, կորսված կամ մասնակի վնասված ութից ոչ ավել, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, կորսված կամ մասնակի վնասված բեռնատար ավտոմեքենա, 9-ը և ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկա:

Աջակցության ծրագրում ընդգրկված են նաև կորսված հիմնական միջոցների հետևյալ տեսակները` կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա, հաշվողական և համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, գործիքներ, իսկ պաշարների տեսակներից` նյութեր, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, արագամաշ առարկաներ (բոլորը միասին` կորսված նյութական ակտիվներ), կաթնատու և մսատու կենդանի, մեղվաընտանիք, կորսված պտղատու այգի և խաղողայգի:

Բնութագրությունը հասանալի չէ

Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի որոշման համաձայն։
 
«Ըստ այդմ՝ քննարկվել և բավարարվել է 1614 շահառուի՝ աջակցության ստանալու հայտ, որի ընդհանուր գումարը կազմել է 7 միլիարդ 994 միլիոն 947 հազար ՀՀ դրամ, ընդ որում՝ 3 միլիարդ 225 միլիոն 217 հազ. դրամ՝ միանվագ ֆինանսական աջակցություն, 4 մրդ 769 մլն 730 հազ. դրամ՝ մուրհակի տեսքով Ընթացիկ տարվա հունիսին Կոմիտեն բավարարել է 112 շահառուի հայտ՝ տրամադրելով 200 միլիոն 12 հազար 787 դրամ։Այս պահի դրությամբ ստացել ենք ընդհանուր շուրջ 9800 հայտ»,-ասել է կառույցի ղեկավարը՝ հավելելով, որ առաջիկայում պետական հանձնաժողովի որոշում է նախատեսվում մոտ 150 անհատական գործով։
 
Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահը նշել է, որ ըստ սոցիալական խմբերի՝ աջակցությունը տրամադրվում է նախապես որոշված առաջնահերթությամբ:

«Առաջին խմբում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն են, երկրորդում՝ 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամություն ունեցող անձինք, երրորդում՝ 3-րդ կարգի զինհաշմանդամություն ունեցողները, 1-ին և 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն ունեցողները, տեղահանված, բազմազավակ քաղաքացիները, չորրորդում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերում չընդգրկված քաղաքացիները, վերջում՝ զինապարտ շահառուները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել կամ խուսափել են»,-մանրամասնել է Վ. Ղահրամանյանը՝ հավաստելով, որ կառույցի գործունեության հիմքում սոցիալական արդարության ապահովման սկզբունքն է, որն ամրագրված է կանոնադրությամբ։

  • Կիսվել: