ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պաշտոնատար անձանց կողմից ընդունելությունները կարևոր ու պարտադիր են քաղաքացու և հանրային իշխանության միջև անխոչընդոտ երկխոսություն և շփում պահպանելու համար. ԱՀ ՄԻՊ

Պաշտոնատար անձանց կողմից ընդունելությունները կարևոր ու պարտադիր են քաղաքացու և հանրային իշխանության միջև անխոչընդոտ երկխոսություն և շփում պահպանելու համար. ԱՀ ՄԻՊ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը առավել հաճախ է քաղաքացիներից ստանում դիմումներ և բողոքներ տարբեր պաշտոնատար անձանց մոտ անհատական ընդունելությունների անհնարինության կամ դժվարության մասին: Այս մասին իր գրառման մեւ նշել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Քաղաքացիների պնդմամբ՝ հանրային ծառայողները նման մոտեցումները հիմնականում պայմանավորում են Covid-19 համավարակի լայն տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով:

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում շեշտել, որ ԱՀ-ում գործող օրենսդրությունը և Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու համար սահմանված իրավակարգավորումները չեն պարունակում քաղաքացիների անձնական ընդունելությունը սահմանափակելու հիմք տվող որևէ իրավադրույթ:
Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 1271-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում ամրագրված է, որ Արցախի Հանրապետության հանրային իշխանության մարմինները, (...) իրենց գործունեության ընթացքում ապահովում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 24-ի՝ «Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-21 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 271-Ն հրամանի համաձայն՝ «...քաղաքացիների ընդունելությունը հնարավորության դեպքում իրականացվում է՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։ Մարմնում բացառվում են այցելուների կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովվում են մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:»:

Վերոգրյալ իրավակարգավորումներից ուղղակիորեն հետևում է, որ ԱՀ-ում ոչ միայն բացակայում է հանրային իշխանության մարմիններում քաղաքացիների անհատական ընդունելությունների անցկացման կասեցման կամ վերացման պահանջ, այլ ընդհակառակը՝ այդ մարմինները պետք է ստանձնեն օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ պարտականություններ՝ դրանք առողջ և անվտանգ պայմաններում կազմակերպելու համար: 

Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում հանրության առջև ծառացած խնդիրների բազմազանությունն ու քանակական աճը, և դրանով պայմանավորված, պետական մարմիններին դիմելու անհրաժեշտության ընդգծվածությունը, Մարդու իրավունքների պաշտպանը պետական մարմիններին հորդորում է ապահովել ձևավորված պահանջարկին համահունչ երկխոսության ու շփման հնարավորություն և զերծ մնալ քաղաքացիների՝ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքները ոտնահարող գործողություններից»։

  • Կիսվել: