հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարգև Սրբազանը դարձել է դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը. ԱՀ նախագահ

Պարգև Սրբազանը դարձել է դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Պարգև սրբազանի` Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելուն.

"Սիրելի՛ հայրենակիցներ

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը:

Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը: Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում:

Սրբազա՛ն Հայր

Թույլ տվեք մեր հավատավոր ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել խորին հարգանացս հավաստիքը և երախտագիտության ու բարեմաղթանքի ամենաջերմ ու անկեղծ խոսքերը: Արեւշատություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ: Թող Աստծո լույսն ու զորությունը միշտ ուղեկցեն Ձեզ:

Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք:

  • Կիսվել: