երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պանելային քննարկմանը վեր են հանվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց առջև ծառացած մարտահրավերները

Պանելային քննարկմանը վեր են հանվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց առջև ծառացած մարտահրավերները

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ «Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը, որը կազմակերպվել էր «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության․ բարեփոխումների աջակցության ծառայություն» ծրագրի և «Ագաթ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զարուհի Բաթոյանը: 
 
«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրներին` հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող կանանց առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտների մատչելիությանը։
 
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության, տարբեր գերատեսչությունների, հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Մասնակիցներն արձանագրեցին, որ հատկապես Արցախից բռնի տեղահանված անձանց դեպքում ապախոշորացված տվյալների հավաքագրման կարիք կա բոլոր ոլորտներում։ Թեև տվյալների հավաքագրումը դեռևս ընթացքի մեջ է, սակայն ինչպես այս, այնպես էլ բոլոր մյուս գործընթացները ներառական դարձնելու կարիք կա։
 
Քննարկման ամփոփման ժամանակ անդրադարձել եմ նաև սոցիալական աշխատանքի ընդլայնման կարևորությանը, համայնքների կարողությունների զարգացմանը և կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը»,- գրել է Զարուհի Բաթոյանը։

  • Կիսվել: