կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթն ու դրսում հայտնվելը, անտուն դառնալը. Արտակ Մկրտչյանը

Պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթն ու դրսում հայտնվելը, անտուն դառնալը. Արտակ Մկրտչյանը

Մենք շարունակելու ենք մեր պայքարը, փորձելու ենք այսօր այստեղ իրականացնել նստացույց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14–ին, Կառավարության շենքի դիմաց արցախցիների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։

«Կառավարությունից այս պահի դրությամբ պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթը և տնով ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ արցախցիներից շատերը այլևս բնակվարձի հարցը չեն կարողանում լուծել,  և դրսում  են հայտնվել՝ ժամանակավոր տեղավորվելով բարեկամների տանը։

Մկրտչյանի խոսքով, կառավարությունը պետք է լուրջ որոշում կայացնի՝ տեր կանգնելու տեղահանված, ցեղասպանությունից փրկված ժողովրդին. «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ժողովուրդը կփորձի տեր կանգնել իր իրավունքներին։ Եթե մարդիկ դուրս գան , իրենց բողոքն արտահայտեն, ինձ թվում է, որ կառավարությունը ընդառաջ կգնա՝ փորձելով մի փոքր լավացնել պայմանները։

Այս ժողովուորդն ուզում է ապրի մայր Հայաստանում։ Մեր պահանջն այդ է, այնպես արեք, որ ապրենք Հայաստանում՝ հաշվի չառնելով այն, որ դա իրենց մեղքով է եղել, հաշվի չառնելով, որ իրենց բացթողումների պատճառով է ժողովուրդը հայտնվել այս իրավիճակում, պատասխանատուն իրենք են»,-ասաց նա։

Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։

  • Կիսվել: