կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ովքեր և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրից

Ովքեր և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրից

Մեկ շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագիրը, որը 3 բաղադրիչով ֆինանսական աջակցության ծրագիր է։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ծրագրի մեկնարկի և այն իրականացնելու 3 բաղադրիչների վերաբերյալ։ Այս երեք բաղադրիչով ֆինանսական աջակցություն ստանալու պարտադիր պայմանն այն է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բոլոր անդամները պետք է ՀՀ քաղաքացիություն ստացած լինեն։

  • Հունիսի 15-ից կմեկնարկի բնակարան գնելու ֆինանսական աջակցությունից օգտվելու համար դիմումների ընդունումը։ Այս բաղադրիչը նրանց համար է, ովքեր որոշել են պատրաստի բնակարան կամ տուն գնել։ Կան աջակցության 3 տարբերակված չափեր։ Բազային կամ հիմնական չափը 3 մլն դրամ է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։ Բայց կա երկու ցանկ, որը հաստատվել է կառավարության կողմից։ Ովքեր կորոշեն բնակարան գնել առաջին ցանկի 242 բնակավայրերում, կստանան 5 ական մլն դրամ աջակցություն։ Առաջին ցանկում 242 բնակավայրերը Տավուշ, Վայք, Սյունիք, Գեղարքունիք մարզերում են։ Իսկ երկրորդ ցանկում ներառված են 148 բնակավայրեր (Արագածոտն, Շիրակ, Լոռի), որտեղ աջակցության չափը կկազմի 4 մլն դրամ։ Եթե գնված բնակարանի արժեքը պակաս է տրվող աջակցության չափից, ծրագրից օգտվող անձը կարող է ավելացված գումարով վերանորոգել ձեռք բերած բնակարանը, տեխնիկա կամ էլ գյուղատնտեսական նշանակության հողատարածք ձեռք բերել։ Բնակարան գնելու առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։
  • Հուլիսի 15-ից կարող են դիմել նաև նրանք, ովքեր պետք է բնակարաններ կառուցեն։ Այսինքն, ֆինանսական աջակցությունը կօգտագործեն նոր բնակարան կառուցելու համար։
  • Օգոստոսի 1-ից կարող են դիմել նաև նրանք, ովքեր պետք է ֆինանսական աջակցությունն օգտագործեն անցյալում հիպոտեքային վարկով ձեռք բերված բնակարանի վարկի գումարները պետության կողմից ֆինանսական աջակցության հաշվին մարելու համար։
    Առաջին փուլով դիմելու իրավունք կստանան այն ընտանիքները, որտեղ կան 3 անչափահասներ։ Նաև առաջին փուլի շահառուներ են լինելու զոհվածների ընտանիքները, խոցելի ընտանիքները, որտեղ կան առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներ։

Երկրորդ բաղադրիչով դիմողների՝ բնակարան կառուցելու համար սահմանված գումարի չափը և վերը նշված համայնքներում նույնն է։ Եվ ինչպես առաջին բաղադրիչում, այստեղ էլ բնակարան կառուցելու գումարի ավելացման դեպքում այդ գումարը կարող է օգտագործել կենցաղային տեխնիկա գնելու, ինչպես նաև տվյալ բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողատարածք գնելու համար։

Երրորդ բաղադրիչով նախատեսվում է, որ մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ի բռնի տեղահանումը ՀՀ-ում հիպոտեքային վարկով ձեռք բերված բնակարանների վարկը մարելու համար յուրաքանչյուր մարդու հաշվով կհատկացվի 2 մլն դրամ։ Այստեղ կա մեկ սահմանափակում՝ Երևանի առաջին և երկրորդ գոտիներում հիպոտեքով բնակարան ձեռք բերած անձինք չեն կարողանա օգտվել այս աջակցությունից։

  • Կիսվել: