շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որևէ խուճապ չկա․ դատարկ կամ կիսադատարկ դարակները չեն ընկճում ժողովրդին․ արցախցի պատգամավոր

Որևէ խուճապ չկա․ դատարկ կամ կիսադատարկ դարակները չեն ընկճում ժողովրդին․ արցախցի պատգամավոր

«Իրավունք» թերթը գրում է․ «Լրանում է մեկ ամիսը, ինչ Արցախն իր 120 հազար բնակչով գտնվում է թշնամու պաշարման մեջ: Ինչպե՞ս են մեր հայրենակիցները կարողանում հաղթահարել շրջափակումն ու իր հետ եկած խնդիրները, ինչպե՞ս են տեսնում ստեղծված իրավիճակի ելքը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

— Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս է արցախցին դիմակայում շրջափակմանը, ինչպիսի՞ն է իրականում հումանիտար եւ հոգեբանական վիճակը Արցախում, որքա՞ն կդիմակայի Արցախը ստեղծված իրավիճակում:

— Դեկտեմբերի 12-ից, ինչպես գիտեք, փակ է Լաչինի միջանցքը, որը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղիղ պահպանության տակ: Ու այս ամսվա ընթացքում Արցախը հաղթահարում է բազմաթիվ դժվա- րություններ՝ կենցաղային, սոցիալական, առողջապահական , տնտեսական եւ բազում այլ ոլորտների ուղղությամբ: Չնայած առկա դժվարություններին, առօրյա խնդիրներին, ժողովուրդը տոկուն է, որեւէ խուճապ չկա: Լոկ մտահոգություն եւ հնարավոր լուծումների շուրջ քննարկումներ են՝ հանրային տրանսպորտում, կանգառներում, աշխատասենյակներում եւ կամ հարեւանների հետ ազատ ժամերին: Հայ ժողովուրդն իր բազմադարյա ընթացքի ժամանակ բազում նման պահեր է ունեցել, եւ հիմա էլ մեր միասնականությամբ, փոխադարձ ջերմությամբ հաղթահարելու ենք նաեւ այս փորձությունը:

Դատարկ կամ էլ կիսադատարկ դարակները չեն ընկճում ժողովրդին: Խոզի միսը դեռ կա, կուրկուտը կա, լավ տնական օղին ու թթուն կա, հումորը` կա: Հետեւաբար, թող Ալիեւը մտածի իր միլիարդների մասին, մենք կորցնելու բան չունենք: Իսկ հայրենիքը որեւէ մեկին զիջելու մտադրություն նույնիսկ նորածինները չունեն:

Այն մարտավարությունը, որ ընտրել էին Ադրբեջանի հատուկծառայությունները, այլեւս պարզ է ոչ միայն ողջ հայության, այլեւ՝ ամբողջ ժողովրդավար հասարակություններին, ուստի լավ կլինի ադրբեջանցիները վերջացնեն իրենց «էկոլոգիա» կոչվող օպերացիան:

Մեր կողմից բանաձեւը հստակ է, որն արձանագրվել է վերջին մեծաքանակ հանրահավաքի ժամանակ: Մենք՝ արցախցիներս, զիջելու բան այլեւս չունենք: Մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք հարեւանությամբ խաղաղ գոյակցել, բայց ոչ երբեք Ադրբեջանի կազմում լինել: Սակայն, մյուս կողմից, ինչքան էլ միջազգային հանրությունը կոչ անի, որ խնդիրները պետք է լուծել երկխոսության, բանակցությունների միջոցով, ինչքան էլ պատրաստ լինենք երկխոսության, պետք է հաշվի առնել՝ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների, ժողովրդի ցանկությունից չէ դա միայն կախված, պետք է հակառակ կողմը եւս քայլ անի, եթե իսկապես այլ հեռակա քողարկված նպատակներ չի հետապնդում եւ ցանկանում է հակամարտությունը լուծել:

— Որո՞նք են Լաչինի միջանցքի փակման տակ թաքնված թշնամու իրական նպատակները: Կարծիքներ են հնչում, որ Լաչինի միջանցքը միայն պատերազմով կբացվի, որքանո՞վ եք հնարավոր համարում այդ սցենարը:

— Այդ տեսակետները, որ հաճախ հնչում են հայկական քաղաքական դաշտում, թե պիտի ուժով բացենք Լաչինի միջանցքը, մի քիչ անլուրջ են հնչում: Եթե պիտի Լաչինի միջանցքը ուժով բացենք, կլինի՞ միանգամից հասնենք Քուռ, Արաքսի խառնարան: Լրջանալը ոչ մեկին դեռ վնաս չի տվել: Նախ անհրաժեշտ է կոտրված մեջքը բուժել, հետո մոտենալ ծանրաձողին: Իմ կարծիքով՝ փակված միջանցքը պիտի բացվի դիվանագիտական եւ քաղաքական ճնշմամբ: Զենք վերցնելը կա ու կա:

Կրկնում եմ` ամեն գնով, ընդհուպ պատրաստ ենք կռիվ տալ գոյության իրավունքի համար: Ամենավերջում, երբ կլռեն բանակցությունները, երբ միջազգային հանրությունն այլեւս ի զորու չի լինի ոչինչ անել, եւ որեւէ ելք չի լինի, արցախահայությունը կռվով կպաշտպանի իր ապրելու իրավունքը, ինչքան էլ դա դաժանագույն լինի: Եթե դրա արդյունքում կլացեն ադրբեջանցի մայրերը, թող այդպես լինի, մենք կորցնելու բան եւ նահանջելու տեղ չունենք. հետ կանգնել մեր սկզբունքներից անորոշ ապագայի համար, դա կնշանակի հայրենիքի կորուստ, կնշանակի՝ արմատներից կտրվել: Ճնշելով սովով, զրկելով այլ կենսական պահանջների բավարարման հնարավորությունից, Ալիեւը չի կարողանա մեր կամքը կոտրել, որովհետեւ մեր հազարամյա պատմական անցյալը, հարուստ մշակույթն ու փորձությունների հաղթահարման կենսափորձը եւ հատկապես՝ վերջին 30 տարիների անկախ պետականության կառուցման պատմությունն ունենալով՝ մենք վճռականորեն պատրաստ ենք մեզ հասու բոլոր միջոցներով ինքնապաշտպանվել: Մենք էլ, որպես այս մոլորակի վրա ապրող հազարավոր ժողովուրդներից մեկը, ունենք արեւի տակ ապրելու, պետություն ունենալու իրավունք, որն ի վերուստ է տրված: Արցախի բնությունը առատ է, փառք Աստծո, դեռ չեն սպառվել պաշարները: Բացի այդ, ամենակարեւորը, մեր կամքի, ոգու պաշարները անսպառ են: Բայց, ի վերջո, պետք է ընդունենք՝ մենք հարեւաններ ենք, դատապարտված ենք խաղաղ գոյակցության, որը միայն կարող է տալ երկու երկրներին հնարավորություն՝ ստեղծելու, զարգանալու: Իսկ եթե ուզում են ստրկացնել, ճորտացնել, բռնի տեղահանել, մենք պատրաստ ենք դիմագրավել:

— Պարոն Հովհաննիսյան, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ռեալ հնարավորություններ տեսանելի՞ են:

— Եթե կա համապատասխան քաղաքական որոշում Ադրբեջանի կողմից` չխփել օդանավերը, ապա, այ՛ո: Ուղղակի ինչ ձեւաչափով է լինելու դիսպետչերների աշխատանքը, կդժվարանամ ասել: Մի հանքի շահագործման հետ կապված խնդիրներ են առաջացրել, որը կարծես թե անլուծելի խնդիր է թվում այս պահին, ուր մնաց առանց քաղաքական երկխոսության այդ հարցը փորձենք լուծել:

Դեռ վառ են այն հիշողությունները, երբ օդանավակայանի նոր շենքի եւ վազքուղու շինարարությունից հետո հույսով սպասում էինք առաջին թռիչքին, որն այդպես էլ չիրականացվեց, եւ դա այն դեպքում, երբ երկնակամարում չէր էլ նշմարվում հնարավոր այն պատկերը, ինչը հիմա ունենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: