ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոչ մի 17+, ոչ մի 107+ չէին կարող շեղել իմ որդուն Հայրենիքի առաջ իր պարտքը կատարելուց. Օհանյանը պատասխանել է Փաշինյանին

Ոչ մի 17+, ոչ մի 107+ չէին կարող շեղել իմ որդուն Հայրենիքի առաջ իր պարտքը կատարելուց. Օհանյանը պատասխանել է Փաշինյանին

Գեներալ Սեյրան Օհանյանը անդրադարձել է երեկ խորհրդարամում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ջաբրայիլի ուղղությամբ օպերացիան տապալվեց, որովհետև տանկային բատալյոնը չկատարեց իր առաջադրանքը այն պատճառով, որ հրամանատարը վիրավորվել էր, կամ, ըստ լուրերի, ինքը կրակել իր ոտքին։

Նշենք, որ այդ հրամանատարը Սեյրան Օհանյանի որդին էր։ Այս առնչությամբ Օհանյանը «Հրապարակին», մասնավորապես, ասել է. «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ պետությանը, և որ ինձ ասում է՝ նորահայտ ընդդիմադիրը, ընդդիմություն ասելով՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է հասկանա իրեն և իր կողմից կառավարող համակարգը։ Իրենք են ընդդիմություն մեր պետությանը, իրենք են ընդդիմություն մեր բոլոր արժեքներին։ Թող ինքը դրա մասին մտածի։ Իսկ ինչ վերաբերում է իմ որդուն ուղղված ակնարկներին, իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի և Արցախի հանրապետություններին։

 

Ես երբևիցե իրեն չեմ օգնել առաջխաղացման այդ աստիճաններում։ Ինչի հասել էլ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։ Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախևառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։

Այդ երկու միավորումներն էլ իրենց առջև խնդիրները հիմնականում կատարել են, բայց, քանի որ համակողմանի ապահովում և մինչև վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։ Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, ես ասեմ, որ իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այն խնդրի վերջնական կետին իր ստորաբաժաումներով։ Թե որքա՞ն չեն հասել, ի՞նչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն և պարզեն»։

Նա նաև հիշեցրել է, որ մի քանի օր առաջ ինքն իր մի քանի գործընկեր գեներալների մոտ հետևյալ արտահայտությունն է արել, որը ցանկացավ կրկնել նաև մեզ հետ զրույցում․ «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր գործընկեր գեներալներից, ևս մեկ անգամ և բազմակի անգամ եմ ներողություն խնդրում։ Թող բոլորի զավակները լինեն առողջ և անվտանգ, թող ոչ մեկը չզոհվի, չվիրավորվի։ Բայց իմ որդին միակ գեներալի որդին է, և ես միակ գեներալն եմ, որի որդին այս վերջին պատերազմի ժամանակ վիրավորվել է։

Ես հպարտանում եմ իմ որդով, և որևէ մեկը չի կարող շահարկի և վստահ չլինի, որ իմ որդին ծառայել է հայրենիքին և կատարել է բանակի ղեկավարության հրամաններն, ու ոչ ոք կողքից՝ ո՛չ 17 պլյուսը, ո՛չ 107 պլյուսը, ոչ էլ ես նույնիսկ, որ չեմ ունեցել որևէ պետական կամ ռազամական գործառույթ կամ լծակ, ազդեի իմ որդու՝ իր առջև դրված պետական կամ ռազմական խնդիրը իրականացնելու հարցում»։

  • Կիսվել: