Ոչ ֆորմալ կրթություն. Ստեփանակերտում կիբերանվտանգության դասընթաց է կազմակերպվել
«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր` փետրվարի 12-ին, Ստեփանակերտում կազմակերպել է կիբերանվտանգության դասընթաց, որը վարել է մեդիա փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բանախոսն անդրադարձել է կիբերհարձակման հնարավոր դեպքերին ու մեթոդներին, անձնական տվյալների, համակարգերի անվտանգության և պաշտպանության կարևորությանը:
«Կիբերհարձակումների ենթարկվելու հնարավորությունները և դրանց հետևանքները պետք է ճիշտ ընկալվեն տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողի կողմից։ Նման հարձակումները կարող են իրականացվել հաքերային խմբավորումների կողմից` այլ անհատների կամ կազմակերպությունների պատվերով։ Հաքերները կարող են որպես թիրախ ընտրել մեզնից յուրաքանչյուրին` մեր անձնական տվյալներին տիրանալու, տարբեր մեթոդներով գումար կորզելու և այլ չարամիտ նպատակներով:
Հայաստանի և Արցախի պետական հիմնարկների ինտերնետային կայքէջերը, կապի և հեռահաղորդակցության համակարգերը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ անընդհատ ադրբեջանական և թուրքական հաքերների կիբերհարձակումների են ենթարկվել, որոնք շարունակական բնույթ են կրում։
Հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ կիբերանվտանգությունը յուրաքանչյուրի համար շատ կարևոր է։ Ոչ մի դեպքում պետք չէ խուճապի մատնվել, և անհրաժեշտ է կիրառել համակարգչի, հեռախոսի, հաշիվների պաշտպանությանը վերաբերող մի շարք քայլեր», - նշել է Գ.Վարդանյանը։
