ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ոչ էթնիկ զտմանը». որ հասցեներում է իրականացվում ստորագրահավաքը Երեւանում եւ Արցախում

«Ոչ էթնիկ զտմանը». որ հասցեներում է իրականացվում ստորագրահավաքը Երեւանում եւ Արցախում

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը. «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը և մասնակցել ստորագրահավաքին Երևանում տեղակայված կետերում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում: Ստորագրահավաքը շարունակվում է նաև Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև առցանց՝ change.org (https://chng.it/SpVC2Rt9) հարթակում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գործում է նաև նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ Artsakh Movement, որին հետևելով կարելի է տեղեկանալ վերջին նորությունների և նախաձեռնության կողմից իրականացվող միջոցառումների մասին:

Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ և գործնական քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Նախօրեին Արցախում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման կողմից հանրային քննարկում է կազմակերպվել, որի ընթացքում խոսվել է 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժման նշանակության, դրա ակունքներում կանգնած հերոսների մասին: Հերթական անգամ արձանագրվել է, որ մեր սերունդն այլընտրանք չունի, քան նրանց սկսած գործը շարունակելը՝ չնայած առկա բոլոր դժվարություններին:

Միացե՛ք մեր շարժմանը, մասնակցե՛ք ստորագրահավաքին.  Արցախում իրավիճակը օրհասական է: Անթույլատրելի է պատասխանատվությունը գցել երրորդ կողմերի վրա և լուռ դիտորդի դերում մնալ:

Երևանում, Արցախում և առցանց change.org հարթակում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին ավելի քան 50 հազար մարդ է միացել:

  • Կիսվել: