կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ո՞վ է «քաջատեղյակ», որ Արայիկ Հարությունյանը 2023թ․-ին հրաժարական է տալու, որտե՞ղ եւ ե՞րբ է նա այդ մասին ասել

Ո՞վ է «քաջատեղյակ», որ Արայիկ Հարությունյանը 2023թ․-ին հրաժարական է տալու, որտե՞ղ եւ ե՞րբ է նա այդ մասին ասել

Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն անդրադարձել է քաղաքական և լրատվական շրջանակներում Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին շրջանառվող լուրերին։ Նա մասնավորապես գրել է․ 

«Անմեղսունակության «շքահանդես»

ԶԼՄ-ը գրում են, որ Արցախում «քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին»։

Իսկ ո՞վ է ասել, որ հաջորդ տարի Արցախում ընտրական գործընթաց է սկսվելու։ Սահմանադրությամբ եւ օրենքով Արցախում ընտրություններ կարող են տեղի ունենալ 2025 թվականին։

Իսկ արտահերթ՝ գործող նախագահի հրաժարականի դեպքում։ Ո՞վ է «քաջատեղյակ», որ Արայիկ Հարությունյանը 2023թ․-ին հրաժարական է տալու։ Որտե՞ղ եւ ե՞րբ է նա այդ մասին ասել։ Նա միայն հայտարարել է, որ հաջորդ ընտրություններին չի առաջադրվի։ Արցախում սահմանադրական բարեփոխումների մեկնարկն է տվել։ Եւ ո՞վ է ասել, որ հենց նախագահական կառավարման համակարգին է նախապատվություն տրվելու։

Ժողովուրդն է որոշելու, դա նրա լիազորությունն է։ Արցախի ինքնիշխանության աղբյուրը նրա ժողովրդի կամքն է։ Նրա անունից խոսելու, գործող նախագահին «պաշտոնանկելու» եւ, մանավանդ, «գեներալիտետի» ու չեղած ընդդիմության եւ նախկին իշխանավորների անունից նախագահի թեկնածուի անուն շրջանառելու իրավունք ոչ ոք չունի։ Կընդունվի՞ նոր սահմանադրություն, պարզ կլինի, թե կառավարման ի՞նչ համակարգ է ընտրում ժողովուրդը, ու՞մ է լիազորում իր անունից պետական իշխանություն իրականացնել՝ այն ժամանակ էլ կսկսվի ընտրական գործընթացը։

Եւ մի խորհուրդ այդ եւ նույն կարգի «մուրազավոր» լրատվամիջոցներին, նրանց մենեջերներին եւ փաստացի տերերին՝ ձեր ջատագոված ուժերը եւ թեկնածուները, որպես կանոն, պարտվում են, Արցախում՝ շատ շռնդալի։ Որովհետեւ դուք ուզում եք Արցախում Հայաստանին դիմադիր իշխանություն տեսնել, իսկ արցախցին՝ իր եւ երկրի կարիքները հոգացող, իր ապագան երաշխավորող»։ 

  • Կիսվել: