երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ որևէ այլ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչը պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին»․ Ակցիա՝ ՄԹ դեսպանատան մոտ

«Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ որևէ այլ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչը պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին»․ Ակցիա՝ ՄԹ դեսպանատան մոտ

Շարունակվում են հաջակցություն Արցախի ակցիաները՝ Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։

Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների, Արցախի և Հայաստանի միջև անխափան կապի վերականգնմանը։

ՄԱԿ գրասենյակի, ԱՄՆ, Չինաստանի, Ռուսաստանի դեսպանատների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ ակցիաներ իրականացնելուց հետո մասնակիցները հավաքվեցին նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան դիմաց, որտեղ էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր խոսքն ուղղեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը։

«Քանի որ Ադրբեջանն այսպես կոչված բնապահպանական պատրվակներով է սկսել սադրանքները, հանցավոր գործողությունները, և քանի որ խոսվում է այդ ամենի մեջ նաև Մեծ Բրիտանիայի որոշ կազմակերպությունների մասնակցության մասին, այսինքն, կան որոշակի տվյալներ, որ ՄԹ-ում գրանցված, հանքարդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություններն են ձեռք բերել հանքը, ուզում եմ նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ուշադրությունը հետևյալ հանգամանքի վրա հրավիրել․

Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է։
Արցախում շահագործվող բոլոր հանքերը Արցախի ժողովրդի սեփականությունն են։
Ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ աշխարհի որևէ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչը պատկանում է Արցախի բնիկ հայ ժողովրդին։
Սա ձեզ՝ ի գիտություն»,- շեշտեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Գեղամ Ստեփանյանը Մեծ Բրիտանիային, որպես ՄԱԿ ԱԽ անդամ, կոչ արեց նաև «առնվազն չխանգարել այն գործողություններին, որոնք պետք է երաշխավորեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»։

 

  • Կիսվել: