ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նյութական վնաս կրած ևս 157 անձ պետական աջակցության շահառու է ճանաչվել

Նյութական վնաս կրած ևս 157 անձ պետական աջակցության շահառու է ճանաչվել

Այսօր՝ հուլիսի 15-ին, կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու պետական հանձնաժողովի հերթական նիստը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը։
 
Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների, մահացած կամ անհայտ բացակայող քաղաքացիական անձանց ընտանիքների 39 անդամի, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամների՝ 29, 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված 35 անձանց անհատական գործեր, ինչպես նաև գործերով ներկայացված 157 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման և տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։
 
Քննարկվող անհատական գործերից 103-ի մասով կայացվել է 157 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։
 
Շուրջ 16 անհատական գործերով ներկայացված անձանց շահառու ճանաչելը, վնասի չափի հաստատումը և աջակցության սահմանումը մասամբ մերժվել կամ կասեցվել է՝ իրավահաստատող փաստաթղթերի՝ գործող օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով: Օրենսդրությամբ սահմանված՝ առաջանահերթության կարգով հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած և Արցախի Հանրապետության պետական բյուջեին հարկային պարտավորություններ ունեցող 4 իրավաբանական անձանց վնասի և աջակցության չափը՝ այն անմիջականորեն պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով։
 
Նիստում, բացի օրակարգայինից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։

  • Կիսվել: