հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նվիրումը` անմահություն... Վաչիկ Բալայան

Նվիրումը` անմահություն... Վաչիկ Բալայան

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվեցին բազում քաջորդիներ, ովքեր հայրենիքի համար չխնայեցին ամենաթանկը։ Նրանցից էր 23-ամյա Վաչիկ Բալայանը, ով հերոս մորեղբոր անվան հպարտ կրողն էր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վաչիկի մայրը՝ Արինա Բալայանը, կարոտով ու անսահման մեծ հպարտությամբ է պատմում հայրենապաշտ որդու անցած հերոսական ուղին: «Տղաս ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 6-ին, ԱՀ քաղաք Ճարտարում: Երեք եղբայրներից միջնեկն էր: 2003 թվականից սկսել է հաճախել Ճարտարի Ա. Ավանեսյանի անվան №2 հիմնական դպրոց, այնուհետև իր ուսումը շարունակել է Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում և այն ավարտել 2014 թվականին: 2015 թվականին Վաչիկն անցավ պարտադիր զինվորական ծառայության Ջրականում, ավագ սերժանտ էր, դիրքի ավագներից: Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերելով խիզախություն` արժանացել է մեդալների ու պատվոգրերի: Ծառայության ողջ ընթացքում վայելում էր հրամանատարության սերն ու հարգանքը: Պարզ ու շիտակ բնավորություն ուներ, քչախոս ու համեստ էր, իր բնավորության գծերի շնորհիվ սիրված էր բոլորի կողմից»,- պատմել է Ա. Բալայանը:
 
Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, հերոսը չվարանեց։ Մեկնեց առաջնագիծ: Քաջաբար մարտնչեց Մարտունու երկրորդ պաշտպանականի դիրքերում, այնուհետև կամավոր մեկնեց Վարանդա. չէր ուզում լավագույն ընկերոջը մենակ թողնել այնտեղ: Մասնակցել է ամենաթեժ մարտերին, 8 ընկերների հետ միասին ազատագրել շատ մեծ կարևորություն ունեցող դիրքեր: Ցավոք, հոկտեմբերի 23-ին հենց Վարանդայում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից մահացու վիրավորում ստացավ ու միացավ անմահների գնդին: Հերոս Վաչիկ Բալայանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
Բնութագրությունը հասանալի չէ
 

  • Կիսվել: