հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նվիրումը` անմահություն... Իլյա Հակոբյան

Նվիրումը` անմահություն... Իլյա Հակոբյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Իլյա Հակոբյանը:

 Իլյա Խաչատուրի Հակոբյանը ծնվել է 2002թ. հունվարի 12-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում: Հաճախել է հարազատ գյուղի՝ Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցը: «2017-2018թթ. եղբայրս սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» և պարգևատրվել մեդալով։ Զինվորական ծառայության է անցել Հադրութի զորամասում: Ընդամենը 1,5 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Իլյան մասնակցել է Հադրութի, Մարտունու և Շուշիի համար մղվող մարտերին: Նոյեմբերի 6-ի երեկոյան նրանից զանգ ստացանք. վերջինն էր։ Մեկ շաբաթ նրան փնտրել ենք հիվանդանոցներում, գտել վիրավոր մարտական ընկերոջը, ով պատմել է՝ բենզալցակայանի ուժեղ պայթյունից Իլյան թեթև վիրավորվել էր, բայց հրաժարվել էր շտապօգնության մեքենա նստել և բուժօգնություն ստանալ: Նրա զոհվելուց հետո իմացանք, որ Իլյան շապիկով կապել էր վերքն ու շարունակել մարտը: Զոհվել է նոյեմբերի 9-ին` Շուշիում՝ գլխուղեղի հրազենային վիրավորումից», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենիքի նվիրյալ Իլյայի քույրը՝ Հասմիկը:

Բնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի խոսքով՝ եղբոր կողքին միշտ իրեն ապահով ու պաշտպանված էր զգում, որովհետև դեռ փոքրուց Իլյան իր մեջ ամփոփում էր արժանապատիվ հայ տղամարդու բոլոր հատկանիշները: «Իլյայի ու իմ տարիքային տարբերությունը շատ մեծ է` 14 տարի: Տան ամենափոքրն էր, բոլորիցս բարի, հասկացող, ուժեղ և արդարամիտ էր նա: Աստծո մեծագույն պարգևն էր, բոլորիս երջանկությունը: Երբեք չէր դժգոհում կյանքի դժվարություններից՝ չնայած դրանք այնքան շատ էին, ու պատվով է հաղթահարել, ինչպես իրեն բաժին ընկած պատերազմը: Ցավ, ցավ ու ցավ… ու դրա հետ մի անմեկնելի ցավոտ հպարտություն եմ զգում նրա մարդկային վեհ տեսակի և հերոսության համար», - ասել է հերոսի քույրը։

Բնութագրությունը հասանալի չէԱՀ նախագահի հրամանագրով` Իլյա Խաչատուրի Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Արցախյան պատերազմի վետերանների միությունը նրան արժանացրել է «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալի, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»-ն՝ «Արցախ» շքանշանի:

  • Կիսվել: