շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Արման Ավանեսյան

Նվիրումը` անմահություն... Արման Ավանեսյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նրանցից է Արման Ավանեսյանը: Արման Լենրիկի Ավանեսյանը ծնվել է 2000թ.-ին, ԱՀ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Ստեփանակերտի Արհեստագործական ուսումնարանում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արմանն իր համեստությամբ ու բարությամբ արժանանում էր բոլորի ուշադրությանը։ Սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Նա 3 եղբայրներիցս ավագն է։ Անփոխարինելիս... Հոգատար, ուշադիր եղբայր էր... Անհամբերությամբ էր սպասում բանակ գնալուն. զորակոչվել է 2019 թվականին։ Շատ հեշտ է հարմարվել ծառայությանը, երբեք ոչ մի բանից չի դժգոհել։ Եղբորս վերջին զանգը եղել է սեպտեմբերի 26-ին, խոսել է սովորականի պես, ինչպես միշտ։ Այդ օրը խոսել է բոլոր հարազատների հետ... 2020թ. սեպտեմբերի 27-ին նրա հետ կապն ընդհատվեց։ Պատերազմի առաջին օրվանից բարձրացել են դիրքեր։ Կռվել է ամենաթեժ կետերում, այնուհետև Թալիշում մարտական ընկերներով պահել են իրենց վստահված դիրքը` կյանքի գնով։ Եղբայրս զոհվել է հոկտեմբերի 2-ին, Թալիշի մատույցներում՝ Արցախ աղբյուրի մոտ։ Հանգչում է Ստեփանակերտի զինվորական պանթեոնում։ Վերջերս գտել եմ եղբորս զինակից ընկերներին և խնդրել, որ պատմեն նրա սխրանքների մասին: Ասացին՝ հպարտացեք ձեր հերոսով, քանի որ Արմանը հայրենիքի պաշտպանության համար անձնվիրաբար մարտնչել է թշնամու դեմ՝ անմնացորդ նվիրելով իր գարուն կյանքը։ Սիրված էր թե՛ հրամանատարների, թե՛ զինակից ընկերների կողմից։ Իմ բոլոր հիշողությունները կապված են եղբորս հետ։ Արմանիս կիսատ թողած գործերը փոքր եղբայրներս կշարունակեն», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Արմանի քույրը` Անուշը:

Բնութագրությունը հասանալի չէ

Արման Լենրիկի Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

  • Կիսվել: