հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Արայիկ Գրիգորյան

Նվիրումը` անմահություն... Արայիկ Գրիգորյան

Արցախյան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության անմահացան ազգի բազմաթիվ նվիրյալներ։

Նրանցից է Արայիկ Գրիգորյանը։ Արայիկ Սերգեյի Գրիգորյանը ծնվել է 1970 թվականի հունիսի 24-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1988-1992 սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի «Ֆիզիկական կուլտուրա» բաժնում:

Հետագայում ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան՝ «Քրեական իրավունք» մասնագիտությամբ:

1995թ. դեկտեմբերի 4-ին մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներին և ավարտել այն 1996թ. հունիսի 15-ին:

1995թ. հոկտեմբերի 19-ից ծառայության էր անցել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ. սկսել է ծառայության ստորին օղակներից, հետագայում` զբաղեցրել բաժնի պետի, ապա` վարչության պետի պաշտոններ:

Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2019թ. նոյեմբերի 15-ից զբաղեցնում էր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:

ԱՀ Նախագահի ՆՀ-152-Ա առ 29.08.2020թ. հրամանագրով շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:

Բնութագրությունը հասանալի չէ

Գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանն ուներ մի շարք պետական և գերատեսչական պարգևներ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հերոսը մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի և Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերին:

«Մարդկային լավագույն հատկանիշները խտացված էին հայրիկիս մեջ:Հիանալի հայր էր ինձ և քույրիկիս համար, լավագույն ամուսին մայրիկիս, ջերմ պապիկ թոռների, հոգատար որդի ծնողների, բարյացակամ ու կարեկցող անձնավորություն հարազատների, ընկերների ու գործընկերների համար:Երկար տարիներ ազգային անվտանգության մարմիններում նրա ուսերին ծառացած էր պատասխանատու ոլորտների համակարգումը: Նա պրոֆեսիոնալիզմի պաշտպան էր, շատ բարձր էր գնահատում այդ որակը և մշտապես մտածում էր կառույցի հեղինակության մասին: Պատերազմի հենց սկզբից նա անտեսեց իր կոչումն ու պաշտոնը և մեկնեց ռազմաճակատ՝ իր անմիջական ղեկավարությամբ ու զինծառայակիցների հետ համատեղ առաջնագծում կարևորագույն խնդիրներ իրականացնելու համար: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայրիկիս համար իր ուսադիրները, սպայի պատիվը և արժանապատվությունն ու հայրենիքի նկատմամբ բոլորանվիրվածությունն ավելի ծանրակշիռ էին, քան ցանկացած պաշտոն»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հերոսի դուստրը՝ Մարիամ Գրիգորյանը։

Արայիկ Գրիգորյանը զոհվել է 2020թ. նոյեմբերի 5-ին, Ասկերանի շրջանի Սղնախ-Շոշ գյուղերի պաշտպանական գծում՝ թշնամու արձակած արկից: 2020 թվականի նոյեմբերի 5-ին հետմահու պարգևատրվել է ԱՀ Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով, 2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` շնորհելով «Ոսկե արծիվ» շքանշան: 2021 թվականի նոյեմբերի 5-ին հետմահու պարգևատրվել է «Սողոմոն Թեհլերյան» մեդալով:

  • Կիսվել: