շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նույն վտանգը պահպանվում է տարածաշրջանում․ Արցախի ՄԻՊ-ը՝ Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Նույն վտանգը պահպանվում է տարածաշրջանում․ Արցախի ՄԻՊ-ը՝ Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում մասնակցել է Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Պաշտպանն իր խոսքում նշել է, որ Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության հանդեպ իրականացված ցեղասպանության միայն մեկ դրվագն էր:

«Սումգայիթում հայությունը ենթարկվեց դաժան ջարդերի, որը ադրբեջանական իշխանությունների պատասխանն էր Արցախյան շարժմանը: Սումգայիթից հետո զանգվածային կոտորածների շղթան շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում և Արցախում: Մի քանի տարում հազարավոր հայեր սպանվեցին, հարյուրհազարավորները լքեցին իրենց տները և բազմաթիվ զրկանքներ կրեցին միայն էթնիկ պատկանելիության պատճառով: Առ այսօր իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, և Արցախի Հանրապետությունը շարունակում է իր հանձնառությունը ադրբեջանահայության ցեղասպանության հատուցման ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Բոլորս հասկանում ենք, որ նույն վտանգը պահպանվում է տարածաշրջանում, ինչի վառ ապացույցը Ադրբեջանում տիրող հայատյացության պետական քաղաքականությունն է, իսկ նոր հանցագործությունների կանխման երաշխիքը՝ հայոց ամուր պետականությունն ու զինված ուժերը»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

Պաշտպանն այնուհետև մասնակցել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին:

  • Կիսվել: