Նորմալ եմ վերաբերվում․ Մարուքայնը՝ Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախաձեռնության մասին
"Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, խոսելով Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնության մասին, հայտարարել է, որ դրան նորմալ է վերաբերվում։
«Մենք ունենք երկու տարբերակ՝ կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը, և հայերենը չի լինում ընդհանրապես, կամ հայերենի հետ լինում է նաև ռուսաց լեզուն, որովհետև այնտեղ մեծ ռուսական կոնտինգենտ կա:
Հիմա ուզում եք, այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, մեր անվտանգությունն ապահովի, բայց իրենց լեզվով որևէ բան չլինի՞: Դա արդա՞ր է: Ընդ որում, Արցախում դա հեշտ է անելը, քանի որ լեզվի մասին օրենք կա, պարտադիր չէ սահմանադրական փոփոխություն անել»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ ինքնիշխանությունը լեզվով չի պայմանավորվում. «Օրինակ Շվեյցարիայի Ֆեդերատիվ հանրապետությունը 1-ից ավել պաշտոնական լեզու ունի, հիմա ինչ, այն սուվերե՞ն չէ»: