շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոր հետաքննությունը ցույց է տալիս՝ ինչպես է Արցախի շրջափակումը հանգեցրել ցեղասպանական հանցագործությունների

Նոր հետաքննությունը ցույց է տալիս՝ ինչպես է Արցախի շրջափակումը հանգեցրել ցեղասպանական հանցագործությունների

«Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման մեկամյակին ընդառաջ:  Զեկույցը նախատեսված էր պարզելու, թե արդյոք Ադրբեջանը Լաչինի միջանցքում իրականացրել է շրջափակում՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ:

«Շրջափակումից մինչև պատերազմ. Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներ» վերնագրով զեկույցը համահեղինակել է  «Զովիգյան» հանրային գրասենյակի  հիմնադիր Լին Զովիգյանը՝ բաց կոդով հետախուզության անանուն վերլուծաբանի հետ:

Այս զեկույցը հետազոտությունների ավելի լայն շարքի մի մասն է, որի վրա աշխատում է «Զովիգյան» հանրային գրասենյակը՝ ընդգծելու պատմական հայկական համայնքի տառապանքները և արցախահայերի իրավունքների, արդարության և պատասխանատվության պահանջները:

Զեկույցը ներկայացնում է մանրամասն ապացույցներ, որոնք հերքում են Ադրբեջանի կառավարության երեք հետևողական պնդումները, որոնք արվել են շրջափակման ամբողջ ընթացքում.

Պնդում 1. Ճանապարհի փակում և շրջափակում չի եղել:

Պնդում 2. Ադրբեջանն իրավունք ուներ Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրելու։

Պնդում 3. Շրջափակում չի եղել, քանի որ այլընտրանքային ճանապարհները կարող էին օգտագործվել:

«Մենք որոշեցինք ուսումնասիրել Լաչինի միջանցքի շրջափակումը` մանրազնին կերպով ուսումնասիրելով այն խոսույթը և նյութերը, որոնք հրապարակվել են Ադրբեջանի կառավարության և պետության կողմից հովանավորվող դերակատարների կողմից: Նրանց մտադրությունները հասկանալու համար կարևոր էր հասկանալ նրանց դիրքորոշումը և այն, թե ինչպես են նրանք հաշվարկված քայլեր մշակել՝ Արցախի հայերին սեփական պատմական հողից ամբողջությամբ վերացնելու համար», - պարզաբանել է Զովիգյանը: 

Զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը կարողացել այս երեք պնդումներով հասնել շփոթեցնող հռետորաբանության՝ միջազգային հանրության հետ դիվանագիտական վստահություն ձևավորելու նպատակով՝ առանց բանակցություններից հրաժարվելու և սեփական դիրքերից ու գործողություններից  հետ կանգնելու անհրաժեշտության:

Ապացույցները վկայում են, թե ինչպես սկսվեց ոչ սովորական պատերազմը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ նախքան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սովորական պատերազմի վերածվելը:

Զեկույցի համահեղինակները եզրակացնում են, որ շրջափակումը թե՛ իր մտահղացմամբ, թե՛ կատարմամբ բազմակողմանիորեն «կրեատիվ» և բացասական առումով արդյունավետ էր:

Ուսումնասիրելով առաջին պնդումը՝ համահեղինակները բազմաթիվ ապացույցներ են ներկայացնում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր այսպես կոչված բնապահպանների բողոքի ակցիան Լաչինի միջանցքում ստեղծել թե ֆիզիկական խոչընդոտ, թե թշնամական մթնոլորտ՝ առաջացնելով ֆիզիկական անապահովություն և հոգեբանական սարսափ ցանկացած հայ ճանապարհորդի համար:

Գեոլոկացիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքի անմիջական հարևանությամբ չկան հանքեր, ուստի, հենց կոնկրետ այս ճանապարհը փակելու ընտրությունը՝ ի նշան այս տարածաշրջանում հայերի կողմից հանքարդյունաբերության ենթադրյալ գործունեության դեմ բողոքի, մնում է անբացատրելի և չարդարացված:

Առցանց պատկերների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքի ճանապարհն ակնհայտորեն փակ էր, և հումանիտար նպատակներով ավտոշարասյուններն ու հայ ուղևորներն այլևս չէին կարող ազատ, անվտանգ, անվերապահ և անխափան կերպով մուտք ու ելք անել։

Վերլուծելով երկրորդ պնդումը՝ զեկույցը մանրամասնում է, թե ինչպես է Ադրբեջանը ռազմականացրել և ինստիտուցիոնալացրել Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով։ Սա միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու համաշխարհային ճնշման պատասխանն էր, ինչին էլ Ադրբեջանի կառավարությունը հակափաստարկ էր ներկայացրել՝ պնդելով տարածքային ամբողջականության իր ինքնիշխան իրավունքը:

Զեկույցում ասվում է, որ Եռակողմ հայտարարությունը, որն առանց այն էլ արդեն խախտվել էր ենթադրյալ բողոքի պատճառով, ակնհայտորեն ոտնահարվել և չեղարկվել է անցակետ տեղադրելու արդյունքում։  

Երրորդ պնդման վերլուծությունը պարզաբանում է, թե ինչպես էր Լաչինի միջանցքը մնացել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային միակ հնարավոր կապը:

«Դա կատարյալ շրջափակում էր: Այժմ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը շահագործում աշխարհագրական և աշխարհաքաղաքական խոցելիությունը՝ հասնելու արցախահայության լիակատար վտարմանը Լեռնային Ղարաբաղից,- ընդգծել է Զովիգյանը։

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը մեծապես տուժել է: Շրջափակման, պատերազմի և ցեղասպանության անարդարության ապացույցների հավաքագրումն ու ներկայացումը չափազանց կարևոր և հրատապ անհրաժեշտություն է: Այս զեկույցը մանրակրկիտ կերպով ներկայացնում է ցեղասպանության հանցագործությունների հստակ ապացույցներ և մեթոդաբանորեն ցույց  է տալիս Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ռազմավարությունը», - ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Գեղամ Ստեփանյանը։

Զովիգյանը հավելել է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը չի ավարտվել, քանի որ տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը դեռևս հեռու է ապահով լինելուց, տուն վերադառնալու ճանապարհ դեռևս չկա»:

  • Կիսվել: