ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում նոր բնակարաններով ապահովվել են պահեստազորի 20 սպաների ընտանիքներ

Ստեփանակերտում նոր բնակարաններով ապահովվել են պահեստազորի 20 սպաների ընտանիքներ

Այսօր՝ մարտի 12-ին, Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել մայրաքաղաքի Թումանյան փողոցում՝ նախկին կաթի կոմբինատի տարածքում կառուցված բնակելի շենքի բնակարանների հերթական վիճակահանությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  բնակարաններ են տրամադրվել Պաշտպանության բանակի պահեստազորի 20 սպաների ընտանիքների, ովքեր տարիներ շարունակ իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:
 
Պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորեց շահառուներին` նշելով, որ նրանք տարիներ սպասել են այս առիթին:
 
«Մեզ համար շատ կարևոր է ձեր վաստակը գնահատել նաև այս ձևով և վերջնականապես փակել ձեր բնակարանային դժվարությունների էջը, որպեսզի համոզված լինեք, որ թիկունքում սոցիալական առումով ապահովված եք և վստահ լինեք, որ ձեր ընտանիքն ունի իր սեփական տանիքը, որպեսզի հայրենիքը պաշտպանելու ցանկացած կարիքի պարագայում կարողանաք շարունակել ձեր ծառայությունը: Մենք գիտակցում ենք, որ սա ամենափոքրն է, որ կարող ենք տրամադրել ձեզ տասնամյակների անմնացորդ ծառայության համար», - ասել է Ա. Բեգլարյանը:
 
«Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի խոսքով՝ մինչ այս բնակարանամուտը, Մարտակերտի շրջանում ևս 30 սպաներ ապահովվել են բնակարաններով:
«Բնակարանների ապահովումը իրականացվում է՝ հիմք ընդունելով Պաշտպանության բանակի բնակարանային, կենցաղային հանձնաժողովի կողմից  ներկայացված ցուցակները, որոնք  մենք նորից ուսումնասիրում և ճշտում ենք: Այսօր, ըստ հերթականության, ևս 20 սպաներ տոնել են իրենց բնակարանամուտը, մոտավորապես 3 ամիս հետո  ևս 30 սպա  բնակարանամուտ կտոնի:  Ունենք 300-ից ավելի պահեստազորի սպա, որոնք բնակարանային հեթում են, և մինչև 2024 թվականի ավարտը մեր բոլոր սպաները կապահովվեն բնակարաններով», - նշել է Կ. Ասլանյանը և հավելել, որ Արցախի ամբողջ տարածքում պետական աջակցությամբ կառուցվող բոլոր նոր բնակարանների 10-20 տոկոսը հատկացվելու է մեր պահեստազորի սպաներին:
 
Շահառու Արինա Աֆունցը արդեն ավելի քան 16 տարի անհամբեր սպասում էր այս օրվան:
«Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, որպեսզի մարդիկ վերջապես կարողանան վայելել այս երկար սպասված ուրախությունը», - ասել է Ա. Աֆունցը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: