շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քրեական գործ հարուցել Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քրեական գործ հարուցել Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քրեական գործ հարուցել Արցախին հարակից 7 շրջանները 5 մլրդ դոլարի դիմաց հանձնելու մասին՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա: Այս մասին վարչապետն ասել է այսօր Ազատությանը տված հարցազրույցում:

Դիտարկմանը, թե Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հրապարակել էր տեղեկություն՝ պնդելով, որ 2018-ի հոկտեմբերին Դուբայում ԱԱԾ նախկին տնօրենը հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչին և ստացել ինչ-որ փակ ծրար, որում առաջարկվել է 5 միլիարդ դոլար՝ Արցախին հարակից 7 շրջանների դիմաց՝ Փաշինյանը պատասխանել է. ՛՛Այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակային: Բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո:

Այսինքն՝ այդտեղ որևէ գաղտնիք ընդհանրապես չի եղել: Երկրորդը, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ, և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա, այսինքն՝ ինչո՞ւ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա՛՛:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է Միքայել Մինասյանի խոսքերը, Փաշինյանը նշել է, որ եթե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Վանեցյանն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի հարուցել կամ ձերբակալելու փորձ չի արել դավաճանին, ապա ինքն է դավաճան:

 

  • Կիսվել: