Նիդեռլանդաբնակ պրոֆեսորն արցախցի մասնագետների համար հանդես է եկել առցանց դասախոսությամբ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, նիդեռլանդաբնակ հայ, հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևոն Բաղդասարյանը ԶՈՒՄ հարթակի միջոցով «Առողջության բաղադրիչները և արտաքին միջավայրի ազդեցությունը» թեմայով Արցախի հոգեբանների և թեմայով հետաքրքրվածների համար հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` պրոֆեսորը կարևորեց թեմայի արդիականությունը՝ հատկապես հայության համար այս ծանր ժամանակներում:
Ըստ նրա՝ մարդու առողջությունը բաղկացած է ֆիզիկական, հոգեկան, մտքի և գործունեության բաղադրիչներից:
«Եթե այս չորս բաղադրիչներից որևէ մեկը ճիշտ չի գործում կամ տկար է, ապա դա ազդեցություն է ունենում մյուս բաղադրիչների վրա: Յուրաքանչյուր բաղադրիչ, օրինակ՝ ֆիզիկականը, կախված է տարբեր պարամետրերից՝ գենետիկայից, միջավայրից, օդից, լույսից, հոգեկանը՝ դաստիարակությունից, միտքը՝ ճանաչողությունից: Մարդու լիակատար առողջությունը ենթարկվում է մի շարք լավ և վատ ազդեցությունների, և ավելի հեշտ է ժամանակին դրանք կանխել, քան հետագայում փորձել շտկել: Դա նշանակում է, որ մենք պետք է քնենք 7-8 ժամ, ուտենք բնական մթերքներ, չծխենք, չխմենք, և, այս ամենին զուգահեռ, պետք է զբաղվենք սպորտով, որը մեր ֆիզիկական առողջության հիմքերից մեկն է: Պետք է կարողանանք ղեկավարել սթրեսը, մարմնի զանգվածը»,- ներկայացրել է մասնագետը:
Լ. Բաղդասարյանն ափսոսանք է հայտնել, որ դասախոսությունը վարում է առցանց եղանակով, քանի որ ներկայումս աշխարհում կորոնավիրուսային վարակի հետ կապված սահմանափակումները թույլ չեն տալիս անձամբ ներկա գտնվել Արցախի մայր բուհում:
Դասախոսության վերջում բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին:
Դասախոսությանը ներկա էին ութ տասնյակից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ, հոգեբանությամբ հետաքրքրվող անձինք:

