երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ներքին Սզնեք. Շրջափակում, օր 61-րդ

Ներքին Սզնեք. Շրջափակում, օր 61-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմամբ  և Արցախի   Հանրապետության 61-օրյա շրջափակմամբ պայմանավորված`  Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում եղած խնդիրները բազմապատկվել են։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ներքին Սզնեք  համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը։

«Գյուղում խանութ չի գործում. կտրոններով հատկացված  սննդամթերքը ստիպված համայնքապետարանում ենք բաշխել բնակիչների միջև։ Դիզվառելիք չունենալու պատճառով չենք կարողանում հասնել մայրաքաղաք Ստեփանակերտ՝ անհրաժեշտ որևէ ապրանքատեսակ գտնելու և բնակիչներին տրամադրելու համար։ Աշնանացանի աշխատանքները, բարեբախտաբար, հասցրել ենք ավարտել. 4 հա գարու և 39 հա ցորենի ցանքս ենք կատարել։ Պատրաստվում ենք գարնանացանի աշխատանքներին։ Եթե խաղաղություն լինի, մոտ 20 հա հաճար կցանենք։ Բնակիչներն էլ  տնամերձ հողամասերը կմշակեն»,-պատմել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո գյուղի կրթօջախը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի վերաբացվել. թշնամու դիրքերը բավականին մոտ են համայնքին, իսկ կրթօջախը ուղիղ նշանառության տակ է։
Դպրոցահասակ երեխաներ ունեցող որոշ ընտանիքներ պատերազմից հետո հաստատվել են մայրաքաղաքում։ 

«Այսօր գյուղում մեծից փոքր լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Նրանցից յուրաքանչյուրը դա իր պարտքն է համարում»,-հավաստիացնում է համայնքի ղեկավարը։

Է. Մուսայելյանը, առկա դժվարին խնդիրները շրջանցելով, փաստում է՝ Ներքին Սզնեքում գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկար կա։
«Աշնանը ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ  արգենտինահայ բարերար Դանիել Կեչիբաչյանի հովանավորությամբ համայնքի 19 ընտանիք երկուական խոճկոր է ստացել: Աջակցության շնորհիվ այդ ընտանիքները կարողացան եկամտի աղբյուր ունենալ: Վերջին տվյալներով՝  խոզերի գլխաքանակը հասել է 55-ի։ ԿԽՄԿ-ի աջակցության շնորհիվ 30 քառակուսի մետր մակերեսով 15 ջերմոց է մշակվում գյուղում։ Ստացված բերքը գյուղացիներն օգտագործել են սեփական կարիքների  համար։ Բացի դրանից,  «Հիմնատավուշ» հիմնադրամի գյուղերի զարգացման  ծրագրի շրջանակներում  100 քառակուսի մետր մակերեսով ևս 10 ջերմոց է հիմնվել գյուղում։ Այս տարվա բերքն էլ գոհացուցիչ էր։ Արդեն գարնանը կսկսեն իրացնել նոր ցանված մշակաբույսերը՝ լոլիկը, վարունգը, ինչպես նաև՝ կանաչեղենը։ Ունենք նաև 111 հատ մեղվափեթակ։ Գյուղացիներին հաջողվել է  բերքն իրացնել։ Մեղվապահությունը Ներքին Սզնեքում գյուղատնտետության ավանդական ճյուղերից է»,-ընդհանրացրել է համայնքի ղեկավարը և ընդգծել՝  գյուղի ոչ մի բնակիչ  չի պատրաստվում լքել պապենական հողը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: