կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նախագահի ուղերձի հիմնական մեսիջը հետևյալն էր՝ մեր երազանքների վերջնակետին հասնելու համար պատրաստ ենք զոհաբերել ինքներս մեզ․ ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր

Նախագահի ուղերձի հիմնական մեսիջը հետևյալն էր՝ մեր երազանքների վերջնակետին հասնելու համար պատրաստ ենք զոհաբերել ինքներս մեզ․ ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր

 Արցախի նախագահի ուղերձը իր մեջ պարունակում էր որոշակի աստառներ, ինչը ուղղակիորեն առնչվում էր Արցախի գլխին կախված նոր սպառնալիքների, արցախահայության գոյապահպանության և առհասարակ Արցախ պետության հետագայի հետ։ Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։

«Այժմ փորձենք բացել որոշ փակագծեր՝ Ի՞նչ էր ասում նախագահը պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելու դրդապատճառների մասին․ Առաջինը և ամենակարևորը՝ որ ինքն է նշանակում և ազատում պաշտոնյաներին, հետևաբար հետևանքների պատասխանատուն ինքն է և որևէ մեկի հետևում չի թաքնվում։ Նաև ընդգծում է, որ ազատման պատճառները բավականին բարդ են եղել և ծանր ու թեթև անելուց հետո է կայացվել նման որոշում, և դա կապել Ալիևի «հրամանի» հետ, մեղմ ասած սրտխառնոց առաջացնող մանիպուլյացիա է։ Շատ չմանրանամ այս թեմայով, բայց եթե ՌԴ խաղաղապահները շուրջ 70 օր և ավել չկարողացան Ալիևի «էկօակտիվիստներին» ճանապարհից հեռացնել և իրականացնել իրենց իսկ պարտականությունները , ապա միգուցե խնդրի արմատը պետք է փնտրել Բաքվի ու Մոսկվայի մեջ, մասնավորապես 2022 թվականի փետրվարին կնքված իրենց ռազմավարական պայմանագրի կետերի մեջ։ Եվ հետո նոր փորձել զգացմունքային ֆոն ապահովել արցախահայության իղձերի «դավաճանման» կամ էլ պետնախարարի խիստ կարևոր անձ լինելու տրամաբանության մեջ»,- ընդգծեց պատգամավորը։

Երկրորդ կարևոր միտքը, ըստ նրա, դա այն էր որ Արցախի տնտեսությունը , ժողովրդի սոցիալական վիճակը այս 70 օրվա ընթացքում գահավիժեց, ինչը իր հերթին մեկ անգամ ևս ապացուցեց, որ մենք դեռևս պատրաստ չենք լուրջ մարտահրավերների ու աշխատելու մեծ ճանապարհ պիտի անցնենք։

Երրորդ կարևոր միտքը, շեշտեց Հովհաննիսյանը, այն էր, որ մեզ ժամանակ է պետք ու այդ ժամանակը շահելու համար նախագահը չի պատրաստվում շահել մեր իսկ կողմից գծված անթույլատրելի գծերի հատման ճանապարհով և պատրաստ է մինչև վերջ կանգնել այդ կարմիր գծերի սահմանին և ոչ մի հետ քայլ չանել, իսկ եթե պահը գա նաև հարվածել։

«Եթե ամփոփենք, նախագահի հիմնական ուղերձը հետևյալն էր՝ չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալ, խնդիրները շատ են, գիտակցում ենք խնդիրների ծավալը և դժվարությունը, պատրաստ ենք լուծել ու չենք ընկրկելու ոչ մի դժվարության առաջ։ Հարցը վերաբերվում է ժողովրդի գոյապահպանությանը, մեր երազանքների վերջնակետին հասնելու համար էլ պատրաստ ենք զոհաբերել ինքներս մեզ»,- եզրափակեց պատգամավորը։

  • Կիսվել: