կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մսմնայում բնակվող ընտանիքի երկու զավակներն արդեն կես ամիս է Սյունիքում մնացած ծնողներին են սպասում

Մսմնայում բնակվող ընտանիքի երկու զավակներն արդեն կես ամիս է Սյունիքում մնացած ծնողներին են սպասում

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով Մարտունու շրջանի Մսմնա համայնքում բնակվող Դալլաքյան ամուսինները ևս չեն կարողացել տուն վերադառնալ, որտեղ նրանց են սպասում երկու որդիները:

Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Մսմնայի համայնքապետ Արթուր Գրիգորյանը արդեն 15 օր է Դալաքյան ամուսինները իրենց երկու որդիների հետ մնացել են Սյունիքում, իսկ մյուս զավակները` գյուղում։
 
«Երկու եղբայրները՝ Ալենն ու Էրիկը, արդեն մոտ կես ամիս է ապրում են առանց ծնողների: Բազմիցս առաջարկել եմ տանել մեր տուն մինչև ծնողները կվերադառնան, բայց նրանք նախընտրում են իրենց տանը սպասել։ Միշտ հարցնումեմ, թե ինչի պակաս ունեն և ինչ անհրաժեշտ է լինում անմիջապես հասցնում եմ նրանց։ Երկուսն էլ դպրոցահասակ են և ամեն օր շարունակում են հաճախել դպրոց»,-պատմել է համայնքապետը։
 
Նրա խոսքով՝ օրերս էլ սոցիալական աշխատողներ են այցելել երեխաներին, սնունդ ու հիգիենայի պարագաներ տրամադրել:
 
Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքը Մսմնայում հաստատվելուց հետո սկսել է անասնապահությամբ զբաղվել։ Կենդանիների ու թռչունների խնամքն այս օրերին իր ուսերին է վերցրել համայնքապետը, մինչև ծնողները կվերադառնան:

  • Կիսվել: