հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվաբնակ արցախուհին Ստեփանակերտում կոմիքսներ ստեղծելու դասընթաց է կազմակերպել

Մոսկվաբնակ արցախուհին Ստեփանակերտում կոմիքսներ ստեղծելու դասընթաց է կազմակերպել

Արմատներով արցախցի մոսկվաբնակ Անահիտ Բաղդասարյանը օգոստոսի 1-13-ը Ստեփանակերտում կազմակերպել է կոմիքսներ ստեղծելու դասընթաց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի հեղինակ, դասընթացավար Ա. Բաղդասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատմական գիտությունների թեկնածու եմ, թեզ եմ պաշտպանել՝ «Արցախի գյուղերի սրբավայրերը» թեմայով, դրա համար հաճախ եմ լինում Արցախում. պատերազմից հետո հայրենիքի կանչն ավելի է ուժգնացել : Մոսկվայում աշխատում եմ որպես կրթական խմբագիր: Մայիս ամսին, երբ հերթական անգամ այցելել եմ Արցախ, մտածում էի նկարչական որևէ ծրագիր իրականացնել, որովհետև ես հավատում եմ, որ արվեստը շատ է օգնում մարդկանց ցույց տալ իրենց գեղարվեստական ընդունակությունները՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք երբևէ չեն նկարել։ Իսկ կոմիքս ստեղծելն օգնում է մարդուն հավատալ իր ուժերին: Դրա համար ընտրեցի այդ ուղղությունը։ Կոմիքսը գեղարվեստական բարդ գործ է, բայց այն հասանելի է բոլորին: Կոմիքսների շնորհիվ մարդիկ արտահայտում են այն, ինչը հուզում է իրենց: Այդպես որոշեցի այստեղ նույնպես կոմիքսներ նկարողների մի փոքր խումբ ստեղծել: Ծրագիրի շրջանակում 6 հանդիպում կազմակերպեցինք՝ 4 դասախոսություն և 2 սեմինար պարապմունք: Դասընթացը վարում էր նաև Հայաստանից ժամանած նկարիչ Տիգրան Մանգասարյանը: Խմբում ընդգրկված էր 8 մասնակից։ Բոլորն էլ լավ էին նկարում, հաճելի էր տեսնել նրանց գործերը»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ առաջիկայում պատրաստվում է կոմիքսների գիրք հրատարակել: «Գրքում զետեղված կլինեն տարբեր կոմիքսներ, Արցախի նկարիչների նկարածները, նաև՝ Արցախի մասին գործեր։ Մեզ համար կարևոր է , որ մարդիկ սիրով թերթեն մեր գրքի էջերը: Դեռևս չենք որոշել գրքի անունը, քանի որ դասընթացի մասնակիցները դեռ չեն ավարտել իրենց աշխատանքները: Նրանք կուղարկեն ինձ, որից հետո ընդհանուր եզրակացության կգանք»,- ընդգծել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: