շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մոմերը վառելու են՝ հույսով, որ Լեռնային Ղարաբաղը մեկ օր կրկին հայկական կլինի

Մոմերը վառելու են՝ հույսով, որ Լեռնային Ղարաբաղը մեկ օր կրկին հայկական կլինի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Պետրոսյանների երիտասարդ ընտանիքը վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ է  տունը կորցնում։ Երեք որդիների հետ ընտանիքն այսօր Գյումրիում է՝ հույսով, որ սա վերջին տեղափոխությունն է։

DSC00400.jpeg (1.47 MB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանների ընտանիքի հայրը՝ Մարատը, պատմում է, որ  ադրբեջանական ջարդերից մազապուրծ՝ ծնողների հետ Բաքվից տեղափոխվում է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղ։

«Քարինտակում տունը սեփական ձեռքերով եմ սարքել՝ աշխատում էի ու գումար կուտակում,  պետությունն էլ օգնեց։ Երկու  որդի ունեցանք։ Տուն կառուցեցինք»,-պատմում է Մարատը՝ նշելով, որ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով որդիների ու կնոջ  հետ տեղափոխվել են  Ստեփանակերտ ու նույնը կրկվել է՝ նոր տուն, նոր կենցաղ։ Ստեփանակերտում ծնվել է  նրանց երրորդ զավակը՝ Արամը։

2023-ի սեպտեմբերի  հարձակումից հետո ընտանիքը  կրկին բռնել է գաղթի ճամփան՝ այս անգամ արդեն դեպի Հայաստան:

«Շատ դժվար է՝ այնտեղ ենք թողել ամեն ինչ՝ տարիների վաստակը, բայց ամենադժվարը մայրիկիս ու հայրիկիս գերեզմաններն այնտեղ՝ թշնամու մոտ թողնելն է՝ մայրս թաղված է Քարինտակում, հայրս՝ Ստեփանակերտում։ Միակ բանը, որ մեզ հետ բերել ենք, աստվածապատկերն է ու մեր ընտանիքի լուսանկարը, որտեղ երկու որդիներիս ծննդյան օրն ենք  նշում»,-ասում է ընտանիքի հայրը։

Սեպտեմբերի 27-ին ընտանիքը նախ եկել է Երևան, այնուհետև տեղափոխվել Գյումրի, որտեղ մի ընտանիք բնակարանը ժամանակավոր, առանց վարձավճարի տրամադրել է իրենց։

Հիմա Պետրոսյանների ընտանիքը մտածում  է աշխատանք գտնելու մասին, գիտեն՝ դժվար է լինելու՝ նոր քաղաք, նոր շրջապատ ու մարդիկ։ Ավագ որդիներն արդեն դպրոց են գնում: «Ամենադաժանը հիշողություններով ու կորստի գիտակցումով ապրելն է»,-հավելում է ամուսինը՝ ցույց տալով Ստեփանակերտի Սբ Աստվածածին եկեղեցուց բերված մոմերը, որոնք ընտանիքը վառելու է այստեղ՝  հույսով, որ հարազատ Լեռնային Ղարաբաղը մեկ օր հայկական կլինի։ 

  • Կիսվել: