կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց առևանգելու, հայ ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային և վատ վերաբերմունքի այլ ձևերի և այլ դեպքերին:

Բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համատեքստում Անահիտ Մանասյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է նաև Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։

Իր հերթին Դեսպանը կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները:

  • Կիսվել: