կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԻՊ աշխատանքային խմբերը մշտադիտարկում են իրականացնելու տեղահանվածների հաշվառման ամբողջ գործընթացում շուրջօրյա ռեժիմով

ՄԻՊ աշխատանքային խմբերը մշտադիտարկում են իրականացնելու տեղահանվածների հաշվառման ամբողջ գործընթացում շուրջօրյա ռեժիմով

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերն այս պահին շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հաշվառում նրանց բարձրացրած խնդիրները։

Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր։ Մարդկանց բարձրացրած առանձին հարցեր տեղում ստացել են և ստանում են լուծում։ Արձանագրվող խնդիրների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ կապի մեջ է պետական իրավասու մարմինների հետ։ Հավաքված ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է՝ խնդիրների մատնանշմամբ և լուծումների առաջարկներով։ Դրանք հասցեագրվում են պատասխանատու գերատեսչություններին։

Սեպտեմբերի 24-26-ը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները գտնվել են Սյունիքի մարզում՝ Գորիսում և Կոռնիձորում, շուրջօրյա ռեժիմով իրականացնելով մշտադիտարկում և փաստահավաք աշխատանքներ։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, գրանցվել են նրանց բարձրացրած խնդիրները։ Փաստահավաք աշխատանքի արդյունքներն արդեն ամփոփվել են, և համապատասխան առաջարկները քննարկվել են պետական իրավասու մարմինների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքնային խմբերը մշտադիտարկում են իրականացնելու հաշվառման ամբողջ գործընթացում՝ շուրջօրյա ռեժիմով։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 116 և (096) 116 100։

  • Կիսվել: