շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին. ԱՀ ՄԻՊ

Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին. ԱՀ ՄԻՊ

Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության մեջ, որում նաև կարդում ենք․

«Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:

Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»:

  • Կիսվել: