երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի. Թովմասյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

Միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի. Թովմասյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

Արցախի ուղղությամբ սադրանքների դիմելով՝ Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի և հայ ժողովրդի նկատմամբ:

Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:

«Որպես ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իմ միջազգային գործընկերների ուշադրությունն են հրավիրել այն առնչությամբ, որ մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը հետևողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր և այսօր առավոտյան անգամ խաղաղ բնակիչ է վիրավորել իր բակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Դա նշանակում է, որ խաղաղության թեզերը որևէ կերպ չեն արժևորվում և իրականություն չեն դառնում: Եվ Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի և հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց Թովմասյանը:

Հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ միջազգային գործընկերները պետք է այս առնչությամբ իրենց հրատապ արձագանքը հայտնեն: Նա հավելեց՝ եթե այս դեպքերը դիտարկվեն որպես սովորական սադրանք, ապա կրկնությունը լինելու է շատ ավելի խորը և հետևողական: «Ավելին՝ այսօր նորից Խրամորթում ադրբեջանցիների կողմից հայերենով հայտարարվել է, որ հայերը պետք է դուրս գան տարածքից, եթե ոչ, ապա բռնությամբ կհեռացնեն»,-հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ դա անթույլատրելի է:

Նա տեղեկացրեց նաև, որ մարտի 16-ից մի քանի օրով փաստահավաք առաքելությամբ աշխատանքային այց են ունենալու Արցախ, տեղում կփորձեն հասկանալ իրավիճակը:

«Պատերազմի նման գործողությունները խիստ դատապարտելի են: Եվ միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի»,-ասաց Թովմասյանը:

  • Կիսվել: