ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միասնականություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց գոնե բոլորս ունենանք նույն նպատակն ու ցանկությունը. Հարությունյան

Միասնականություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց գոնե բոլորս ունենանք նույն նպատակն ու ցանկությունը. Հարությունյան

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը, հայտնում է ՍիվիլՆեթը։

«Արադարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճնշում կա Հայաստանի Հանրապետության կողմից ընդունելու երկխոսության՝ Ադրբեջանի առաջարկած ձևաչափը։ Հակոբյանը նաև հարցրեց ինքնորոշման իրավունքի մասին, որի օրակարգ բերելու ողջ բեռը, նրա խոսքով, ընկած է Արցախի իշխանությունների վրա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրականում մի ճնշում կա՝ ժողովրդի ճնշումը ու տրամադրությունները։ «Էդ միասնականություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց գոնե բոլորս ունենանք նույն նպատակն ու ցանկությունը։ Իհարկե, դրանց հասնելու համար կարող է տարբեր լինի տակտիկան, բայց ստրատեգիան նույնը պիտի լինի։ Եվ այդ քայլերի քննարկման առումով պիտի ունենանք երկխոսություն։ Ես հարգում եմ բոլոր կարծիքները։ Կարծիք կա, որ մարդիկ ասում են՝ գնանք Բաքու հանդիպման, ունենանք երկխոսություն։ Մարդիկ կան, որ ասում են՝ ընդհանրապես չպիտի հանդիպենք։ Ոնց որ ճանապարհի վերաբերյալ կա մի քանի կարծիք, մի մասը ասում ՝ զրո գնալ-գալ, մի մասը ասում է՝ ամբողջությամբ գնալ-գալ։ Բայց ուսումնասիրելով այդ ինֆորմացիան, կայացրել ենք որոշում, թե որ ռեժիմն է մեզ համար նպաստավոր»։

Նախագահն ասաց, որ հասարակությունը պիտի հասկանա՝ եթե տասը օր հետո շաքարավազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ վերջը ինչ է լինելու․ «Ժողովուրդ, մենք պիտի որոշում կայացնենք մեզ համար՝ գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, Կոկա-կոլա խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելն է»։

  • Կիսվել: