հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք. Վարդանյանի գլխավորությամբ կայացել է ԱՀ կառավարության նիստ

Միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք. Վարդանյանի գլխավորությամբ կայացել է ԱՀ կառավարության նիստ

Այսօր՝ նոյեմբերի 16–ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության նիստը, որը վարել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի պետական նախարարի գրասենյակից՝ նիստի ընթացքում ներկայացվել եւ հավանություն է տրվել «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին եւ հարակից նախագծերին: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Անդրադառնալով օրակարգային հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համաձայն սահմանված ընթացակարգի, բյուջեի նախագիծն այս փուլում պետք է ներկայացվի Ազգային ժողով. «Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել էր մինչեւ իմ պաշտոնավարումը, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարեւորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձեւավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»:

Խոսելով ֆինանսատնտեսական իրավիճակի մասին՝ պետական նախարարը նշել է, որ ստեղծված բարդ պայմաններն այլեւս թույլ չեն տալիս աշխատել նախկին ռեժիմով։ Ճգնաժամային իրավիճակը պահանջում է ճիշտ գնահատել առկա հնարավորություններն ու ռեսուրսները եւ առավելագույնս արդյունավետ օգտագործել դրանք՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները:

«Մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում՝ բյուջետային մեծ դեֆիցիտ, եւ այդ խնդիրները լուծելու համար դժվարին, երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք է կայացվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Սա ասում եմ, որպեսզի մենք հստակ պատկերացնենք իրականությունը եւ հասկանանք, որ միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նիստի ավարտին պետական նախարարը պետական կառավարման մարմիններին եւ նրանց ենթակայությամբ գործող հիմնարկներին ու կազմակերպություններին հանձնարարել է մինչեւ տարեվերջ զերծ մնալ լրացուցիչ գնման գործընթացներ կազմակերպելուց եւ ֆինանսական նոր պարտավորություններ ստանձնելուց:

  • Կիսվել: